Կորոնավիրուս Հասարակություն 

Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում

analitik.am

 

Արդյո՞ք ժամանակը չէ Հայաստանի հենց սահմանին կորոնավիրուսի թեստ անելու, որպեսզի դրսից վարակ չբերենք մեր երկիր: Ազգային ժողովում, դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հիշեցնելով Չինաստանից ստացած 60 հազար թեստի մասին:

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հարցին պատասխանելու համար պետք է իմանալ, թե ինչպես է հիվանդությունը զարգանում մարդու օրգանիզմում, դրանից հետո նման հարցեր չեն տրվի.  «Չենք թեստավորում, քանի որ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից:

Ինչ վերաբերում է 60 հազար թեստին, դրանք գնվել են ՀՀ բյուջետային փողերով, նվեր չեն: Դրանք ՓիՍիԱռ ՊՇՌ թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ: Դա արվում է բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնցից Հայաստանում քիչ կան: Մեր ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 հատ մասնավոր լաբորատորիա կա: Մի քանի հատ էլ կան այլ ոլորտներում, որոնք չենք կարող օգտագործել:

Սահմանին թեստ անելը չի նշանակում, որ այդ նույն մարդու մոտ մի քանի օր հետ չի լինի հիվանդության դեբյուտ: Հետևաբար բոլոր եկողները գնում են ինքնամեկուսացման: Դա էլ խնդիր է վարորդների համար: Այդ մասը կարգավորվել է՝ ինքնամեկուսացման ժամկետը սահմանվել է մինչև բեռի դուրս տանելը:

Հիմա մտածում ենք արագ թեստերով եկողներին թեստավորելու մասին: Եթե հանկարծ արագ թեստով որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, նրան կասենք, որ պետք է լքի ՀՀ տարածքը, իսկ եթե ՀՀ քաղաքացու մոտ է հայտնաբերվում, նրան մյուս թեստով կանենք: Արագ թեստերը երբեք ճիշտ չեն եղել: Իսկ բացասականները գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի»:

Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ թեստավորումն արվում է ըստ ցուցումների:

 

Նույն շարքից