Գիտություն Իրավական Կորոնավիրուս Հասարակություն 

ՀՊՄՀ-ում ավարտական քննությունները կանցկացվեն հեռավար

analitik.am

«Ավարտական քննությունները ևս կանցկացվեն հեռավար․ դրանց նախորդելու են կազմակերպչական նախապատրաստական աշխատանքներ՝ տարբեր քննարկումներ, լսումներ, թրեյնինգներ հրավիրյալ մասնագետների համար և նախապաշտպանություններ»,-նշեց ՀՊՄՀ-ի Ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։ Այս մասին հայտնում է ՀՊՄՀ կայքը։

2019-2020 ուսումնական տարում 50 մասնագիտությունների գծով քննություններին այս տարի կմասնակցի ավարտական կուրսերի 1300 ուսանող:

Պաշտպանության գործընթացին, բացի հանձնաժողովների անդամներից, կմասնակացի նաև տեխնիկական սպասարկող անձնակազմը: Պրոռեկտորի կարծիքով՝ առավել մտահոգիչը կապի խնդիրն է: Հեռավոր մարզերի ուսանողները երբեմն դժվարությամբ են կցվում հարթակին կամ միանում առցանց հանդիպումներին: Բացի այդ, հանձնաժողովի անդամներից ևս կպահանջվեն որոշակի տեխնիկական միջոցներ և հմտություններ․ նրանց մոտ ևս կարող են առաջանալ տեխնիկական կամ կապի հետ կապված խնդիրներ:

«Այդ խնդիրների լուծման ուղիներն այժմ ակտիվորեն քննարկվում են բոլոր ֆակուլտետների և ամբիոնների հետ, և համոզված եմ, որ մինչև քննությունների սկսվելը դրանք կստանան լիարժեք լուծումներ»,-վստահեցրեց Մհեր Մելիք-Բախշյանը։
Վերջինիս կարծիքով՝ եթե հանձնաժողովի անդամները տիրապետեն բոլոր գործիքներին, դժվարությունները կմեղմանան: Այս առումով գործին կօգնեն բուհում պատրաստվող մեթոդական և տեխնիկական ուղեցույցները: Գործընթացը կարելի է փորձնական կիրառել նախապաշտպանությունների ժամանակ և բացահայտել ուժեղ ու թույլ կողմերը, որից հետո ծագած խնդիրներին օպերատիվ կերպով տալ լուծումներ:

Անդրադառնալով Մանկավարժական համալսարանում արդեն 4 տարի գործարկվող էլեկտրոնային ուսուցման գործընթացին՝ Մհեր Մելիք-Բախշյանը հավելեց․ «Արդեն տևական ժամանակ է, որ բուհում բավականին հաջող զուգակցվում են ավանդական և էլեկտրոնային ուսուցման ձևերը։ Չեմ կարծում, որ այս առումով հեռավար ուսուցման ձևն ազդեցություն է ունեցել մեր ուսանողների առաջադիմության կամ դասախոսների կողմից օբյեկտիվ գնահատման իրականացման վրա»,-նշեց պրոռեկտորն ու վստահեցրեց՝ գործելու են օբյեկտիվության դիրքերից՝ չկորցնելով, սակայն, մանկավարժի խիղճն ու հումանիզմը:

Անդրադառնալով հեռավար ուսուցման առավելություններին ու թերություններին՝ պրոռեկտորն ընդգծեց, որ կարևոր է պլանավորումը, նյութերի տեղին օգտագործումը, մանկավարժական հեռավար հաղորդակցումը: Հեռավար ուսուցումն ուսանողների շրջանում բարձրացրել է հետաքրքրությունը դասագործընթացի հանդեպ: Մեծացել է ուսանողի ինքնուրույն գործունեության և հմտությունների շրջանակը: Վերջինիս կարծիքով՝ այս գործընթացը կտրուկ տարբերվում է լսարանային դասից․ այստեղ կաևորվում է նաև հենակետային դրույթների ճշգրիտ խաղարկումը և տեխնիկայի անխափան կիրառման հմտությունները: Շատ դեպքերում, տեխնիկական կամ այլ պատճառներով, որոշ ուսանողներ չեն կարողանում միանալ առցանց իրականացվող դասերին, բայց դրա արդյունքում ուսանողը չի կտրվում ուսուցման գործընթացից, քանի որ բացի առցանց դասերը, Google Classroom հարթակում նախապես տեղադրված են լինում առարկայի համապատասխան էլեկտրոնային նյութերը, իսկ որոշ դեպքերում, առցանց անցկացվող դասերի տեսաձայնագրությունները:

«Կարծում եմ, որ ո՛չ աշխարհը, ո՛չ էլ կրթության ոլորտը, այս համաճարակի ավարտից հետո, այլևս չի կարող լինել նախկինը, պետք է լինել լավատես, վերակազմակեպվել և ընդունել, որ հեռավար ուսուցումն այլևս մտել է մեր կյանք»,-հավելեց պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։

Նույն շարքից