Գլխավոր Հասարակություն Վերլուծական 

Արսեն Թորոսյանը հիվանդացե՞լ է

analitik.am

 

Արսեն Թորոսյանն իր տեսակի մեջ ունիկալ ֆեյսբուքյան գրառում է կատարել: Նա ծաղրել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին, ով խոսել էր «Կորոնավիրուսի՝ համաշխարհային մեծ բլեֆ լինելու մասին՝ վստահություն հայտնելով, որ վակցինաները ծախելու ժամանակն է»:

Գրառման մեջ Թորոսյանը մատնանշում է Վարդանյանի հիվանդությունը՝ չբացառելով, որ նրա՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում խիստ բացասական ելքն անխուսափելի կլինի:

Նման գրառումը, որպես անձ, պատիվ չի բերում Թորոսյանին՝ լիներ նա նախարար, թե՝ ոչ: Բացի դրանից, նրա մոտ մարդկային և բժշկական էթիկան «չորս ոտքով կաղում» է, նա ֆեյսբուքյան խոհանոցն օգտագործում է որպես բամբասասրահ:

Հաշված օրեր առաջ էր, երբ հենց նախարարը չէր հավատում կորոնավիրուսին և նրա վտանգավորությանը՝ վստահեցնելով, որ նման բան չկա: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, երևի ինչ-որ բան հաստատ փոխվեց: Սովորաբար նման կտրուկ փոփոխությունները հիմնականում պայմանավորված են լինում շահով կամ՝ կամակատարությամբ:

Իսկ ի՞նչ էր ասում Կարեն Վարդանյանը. կորոնավիրուսի համաշխարհային բլեֆի թեզը գաղտնիք չէ, գաղտնիք չէ նաև այն, որ նման թեզերի վրա ճարպիկները փողեր են աշխատում: Այս մասին միշտ է խոսվել, և ոչ առանց հիմքի: Իսկ ինչո՞ւ է Թորոսյանն այսօր տառապում, երբ երկու ամիս առաջ լիովին առողջ էր: Չէ որ Վարդանյանը ոչ թե քարոզ է անում, այլ իր կարծիքն է ներկայացնում: Այստեղ բժիշկ լինելը պարտադիր չէ: Ինչ է շահել Թորոսյանը, որ բժիշկ է:

Ի դեպ, առաջին անգամը չէ որ միջազգային կառույցներին մեղադրում են այս կամ այն երկրի, այս կամ այն միլիարդատիրոջ ֆինանսական շահերն առաջ մղելու մեջ: Ասում են՝ բժիշկների մեջ նման արտահայտություն կա. սովորիր, որ բժիշկ դառնաս, ոչ թե գլխավոր բժիշկ, այս դեպքում՝ նախարար: Այստեղ բժշկագիտական հարց էլ չէ: Եթե այդպիսին լիներ, Թորոսյանը սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող ծննդատներն ու հիվանդանոցները, խիստ վտանգավոր հիվանդությունների կենտրոնների փակման հրաման չէր տա:

Այնքան, որքան Վարդանյանն է հեռու բժշկությունից, նույնքան հեռու է նաև Թորոսյանը՝ չնայած կրթությանը:

Չմոռանանք, որ Հայաստանի առողջապահության շատ ու շատ նախարարների ժամանակին փոշին սրբել- տարել է, իսկ Վարդանյանը միշտ պայքարող տեսակ է եղել: Իսկ Թորոսյանը, ում հիշատակում են միմիայն պաշտոնով պայմանավորված, ժամանակ անց մոռացվելու է:

Վարդանյանի շնորհիվ է նաև, որ ՏՏ ոլորտն առաջընթաց է գրանցում, որ դպրոցներում ռոբոտաշինության խմբակներն են գործում, բարձր տեխնոլոգիաներն են զարգանում, մեր բանակը համալրվում է հայկական արտադրության զինտեխնիկայով: Իսկ դա երբեք էլ հեշտ չի եղել ԱՏՁՄ-ի համար: Յուրաքնաչյուր ՏՏ քայլի համար Վարդանյանը պայքարել է նաև իր առողջության գնով:

Լինել կույր, լինել անկիրթ, չտիրապետել բժշկական էթիկայի գրված ու չգրված կանոններին... նման անձը բժշկի կարիք ունի և՝ շտապ: Կարեն Վարդանյանը երևի պատահաբար դիպել է Թորոսյանի արնահոսող վերքին:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից