Հասարակություն Տնտեսություն 

Սարապատ և Ամասիա համայնքների 15 գյուղական բնակավայր ստացավ փոքրածավալ հողագործական մեքենաներ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորեց ծրագրի իրականացումը Շիրակի մարզում․ «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ, և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով՝ ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»,- նշեց նա։

Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի և Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները:

Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)` մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:

Նույն շարքից