Հասարակություն Պատահարներ 

Երևանում BMW-ն բախվել է էլեկտրասյանը ու տապալել երկաթե ցուցանակը. վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները

analitik.am

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր օգտագործեցին հատուկ տեխնիկա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, ապա, երբ փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին վարորդին, պատգարակով մոտեցրեցին շտպաօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչը, անվահեծանները ավտոմեքենայից պոկվել են:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Նույն շարքից