Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Բանակում տեսակցությունն արգելված է․ Բալայանը՝ բանակում համաճարակային իրավիճակի վերաբերյալ

analitik.am

Բանակում վերահսկողությունը բավականին խիստ է, ջերմաչափում իրականացվում է օրական առնվազն 4 անգամ, շենքում բոլորը պարտադիր դիմակներով ենք։ Հիմնականում, այն խորհրդակցություններին, որոնք հնարավոր չէ օնլայն իրականացնել, բոլորս դիմակներով ենք՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Այդ ամենը կատարվում է բոլոր զորամասերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ ախտահանման միջոցների և տեխնիկայի պակաս չկա․ «Վերջերս հրապարակվել էր մտավախություն, որ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում չեն պահպանվում կանոնները։ Ուզում եմ ասել, որ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Ռազմական ոստիկանությունը, այլ իրավապահ մարմինները, որոնք օրենքով այդ իրավասությունն ունեն, անմիջական հսկողություն են իրականացնում։

Այս պահի դրությամբ դեռ դեպքեր չենք արձանագրել, որը հնարավորություն կտար անգամ ծառայողական քննություն նշանակելու և կարգապահական տույժ տալու այդ իրավախախտումը կատարելու համար։

Մեր բոլոր գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև բոլորս հասկանում ենք, որ խոսքը ոչ միայն մեր անձի առողջության, այլև մեր շրջապատի և ընտանիքների առողջության մասին է»։

Բալայանը նաև հայտնեց, որ բանակում տեսակցությունները շարունակում են արգելված մնալ, իսկ ծնողները բավականին ըմբռնումով են մոտենում դրան․ «Մեզ հասած տեղեկություններով, այդ մասով ծնողներից որևէ բողոք չունենք։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ տեսակցությունը սահմանափակելն առաջին հերթին բխում է զինծառայողի շահերից»։

Նույն շարքից