Տնտեսություն 

Արարատի մարզում դժգոհ են ծիրանի բերքից. Բերքը շատ քիչ է ու անորակ

analitik.am

 

Արարատի մարզում այս տարի ծիրանի բերքից դժգոհ են: Բանն այն է, որ վաղ գարնանային ցրտահարությունները, երկարատև անձրևները հարվածեցին նախ ծիրանենիներին: Այգեպատ գյուղի բնակչուհի Էմման Analitik.am-ին ասաց, որ գյուղում այս տարի ծիրանի բերքը շատ վատ է, ծիրանի առումով նման վատ տարի հազվադեպ է եղել:

Ըստ նրա, ծիրան հիմնականում կա գյուղի տնամերձերում, որտեղ ծիրանենիները շենքերով, ցանկապատերով քիչ թե շատ պաշտպանված են, իսկ մեծ հողատարածքներում, որտեղից հիմնականում արտահանվումէր ծիրանը, բերքը վատ է: Նույն վիճակն է հարևան Այգեզարդ, Նարեկ և հարակից մյուս գյուղերում:

«Մեր բակում դեղին կեռաս ունեմ, որը ամեն տարի լավ բերք էր տալիս: Հարևան-բարեկամններիս էի բաժանում, պահածո էի փակում, չիր էի անում, նաև վաճառում: Հիմա նայում եմ, ամեն ճյուղին երկու հատ կեռաս հազիվ լինի: Ծիրանի վրա էլ մի քիչ կա, ու էդ էլ՝ ծիրան չկա: Երևի արտահանման համար նույնպես գյուղը ծիրանի չունենա»,- ասաց Էմման:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ազգականուհին Նարեկ գյուղում է բնակվում, մոտ 50 հատ ծիրանի ծառ ունի, բայց այս տարի բերք չկա, անձրևը սրբել-տարել է, «սաղ-սաղ 50 կգ չի լինի»:

«Ամեն տարի ազգականուհիս տոննայով ծիրան էր ծախում, հիմա հազիվ ուտելու ծիրան կունենան: Գյուղի մի մասում կա, մի մասում՝ չկա: Որտեղ ապահով է ցրտից, քամուց, մի քիչ կա, որտեղ բաց դաշտ է՝ ծիրան չկա»,- ասաց նա և հավելեց, որ ցրտահարությունը և անձրևները հիմնականում ծիրանենիներին և դեղձենիների բերքին են հարվածել, իսկ խնձոր, սալոր, հատկապես՝ խաղողի բերքը առատ է:

Արմենը վերջին տարիներին զբաղված է ծիրանի այգիների վարձակալությամբ: Նա սեզոնին նախապես գնում է ծիրանի բերքը, որպեսզի հունիսի սկզբներին`մինչև Արարատի մարզում ծիրանի հասունանալը, արտահանի Ռուսաստան: Սակայն այս տարի դեռևս որևէ տարածք չի վարձակալել:

«Ծիրանը շատ քիչ է, ո՞ւր է ծիրան: Եղածն էլ որակով չի: Անձրևներից, թե ցրտահարությունից է ծիրանի ցոգոլոների վրա չոչոտ տեղեր կան, դա էլ նշանակում է, որ եղած ծիրանը ապրանքային տեսք չունի: Մենք մենակ ընտիր ծիրան ենք դուրս հանում, էս ծիրանը դրսում ուզող չկա, մենակ փող ենք կորցնելու ու ժամանակ»,- ասաց նա:

Արմենը նաև նշեց, թե մտածում է միայն կեռասի և դեղձի արտահանման մասին, իսկ ծիրանի թեման այս տարի իր և իր նման ծիրանի արտահանմամբ զբաղվողների համար փակված է, ծիրան չի արտահանելու:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից