Հասարակություն Պատահարներ 

Վերին Արտաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

analitik.am

Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու: Նրան ուղեկցողները բժիշկներին հայտնել էին, թե վնասվածքը ստացել է տանիքից ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, և այդ հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին, այլև ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից