Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Ռուբեն Մելիքյանը պատճառական կապ է տեսնում Աթանեսյանի տան վրա հարձակման և Նիկոլ Փաշինյանի բառապաշարի միջև

 

Այն, ինչ տեղի է ունեցել, շատ լուրջ հանրային ուշադրության կարիք ունի մի քանի պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա տեղի ունեցած հարձակման մասին:

Մելիքյանը նշեց, որ գործ ունենք իրավապաշտպանական, փաստաբանական գործունեություն իրականացրած անձի հետ, ով տարբեր ժամանակահատվածներում իշխանության ընդդիմախոսներին պաշտպանելու մեծ փորձ ունի. «Ես իրավապաշտպանական համայնքի պարտքն եմ համարում, որպեսզի մենք մեծ ուշադրություն դարձնենք, իշխանություններից պահանջենք այս դեպքի մասով լուրջ միջոցներ ձեռնարկել, այն պահել ուշադրության կենտրոնում»:

«Տեղի ունեցած միջադեպը գուցե կարող է ընկալվել Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ անընդունելի միջադեպերից մեկը: Մենք այն համոզմանն ենք, որ հարձակումներն այն մակարդակին են հասել, որոնք անհանդուրժելի են»,-ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ Աթանեսյանն ունակ է պաշտպանել իր ընտանիքին, սակայն իրավապաշտպան համայնքի պարտքն է ամբողջությամբ համերաշխություն հայտնել Աթանեսյանին. «Ես այստեղ նստած եմ հազարավոր մարդկանց անունից, ովքեր երեկ վրդովմունք են հայտնում տեղի ունեցածի մասով: Մենք հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մանրակրկիտ պարզաբանվի: Սա ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական կարմիր գծերի հատում է: Սա պետք է արժանի պատասխանի արժանանա»:

Իրավապաշտպանը խոսեց նաև սոցիալական հարթակներում ատելության ալիքի մասին: Նա հիշեցրեց, որ Աթանեսյանը ստանձնել է նաև Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը, ինչի արդյունքում այդ ատելության առաջին ալիքը եղավ նրա նկատմամբ դեռ 2018-ի հունիսին. «Արդեն երկրորդ անգամ նա առաջինն է լինում: Նախ եղավ սոցհարթակում հարձակում, հետո նաև իրական կյանքում, ընտանիքի վրա»:

«Իմ կարծիքով, որքան էլ մենք փորձենք կոնկրետ անձանց մոտիվացիան ուսումնասիրել, չի կարող ուղղակի պատճառական կապ չլինել այն անթույլատրելի բառապաշարի հետ, որն օգտագործում են մեր իշխող ուժի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ վարչապետը:

Մենք կարող ենք հիշել «սամասուդի» մասին ասվածը, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը որևէ կերպ չդատապարտվեց իշխող քաղաքական ուժի կողմից: Այդ բոլոր երևույթները չեն կարող պատճառական կապի մեջ չլինել:

Եթե մենք պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել արժանի պատասխանատվություն կիրառելու համար, միևնույն ժամանակ խնդիրը չի լուծվում, քանի որ մթնոլորտը մնում է»:

Մելիքյանը հիշեցրեց նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների վրա հարձակման մասին՝ նշելով, որ այդ դեպքում ևս այն ուշադրության չարժանացավ:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից