Սա կենցաղային չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով իր տան վրա հարձակման մասին:
«Դուք բոլորդ կհիշեք, որ մի քանի տարի առաջ մեր գործող քաղաքապետ Հայկ Մարությանը փիառ ակցիա էր կազմակերպել ու իբր սնունդ էր բաժանում: Դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ:
Օրինակ Հովհաննես Ազոյանը պարբերաբար գիշերն այնտեղ ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմերպում: Թե ինչով են զբաղվում, չգիտեմ, բայց իրենց ծառայողական մեքենաներով գալիս լցվում են այնտեղ: Դե հիմա կյանքի տերերն են:
Ես առավել քան համոզված եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել, կազմակերպիչներ ունի: Դա այս ստահակները չեն անում: Հաշվի առնելով ներկայիս իշխանության հետ սերտ կապերը, համոզված եմ, որ հենց այնտեղից էլ գալիս է: Ինչո՞ւ պետք է այդ հարձակումը լիներ, լիներ ընտանիքիս վրա ու անընդհատ նշվեր իմ՝ փաստաբան լինելը»,-ասաց նա:
Աթանեսյանի խոսքերով, ինքը չի կարող ասել, որ հարձակվողներին ցուցում են տվել այս ձևով ամեն ինչ անել, բայց այն, որ ոգևորել են և ասել են, որ կարող են անել ու մարսել, դա եղել է. «Ոստիկանությունը գտնվել է իր բարձունքի վրա, հիմա խոսքը դատախազությանն ու քննչական մարմիններին է: Ես սպասում եմ քրեական գործի շուտափույթ հարուցում: Մենք հաղորդում ներկայացրել ենք, բացատրություն տվել ենք: Պահանջելու եմ, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, նաև բացահայտվի շղթան:
Առավել քան համոզված եմ, որ այս ամենը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ: Ես պաշտպանում եմ նոր իշխանության օրոք տարածում գտած հետապնդումների ենթարկվողներին: Այն կապված է նաև իմ հանրային դիրքորոշման հետ: Ես ստիպված եմ դիմել պահնորդական ծառայության, որպեսզի շուրջօրյա պաշտպանեն մեր տունը, քանի որ ես չեմ կարող ամբողջ օրը տանը նստել»:
«Եթե որևէ մեկը փորձել է ինձ սրանով վախեցնել, չարաչար սխալվել է, նա ինձ չի ճանաչում, ես կրկնակի եռանդով եմ պայքարելու»,-ասաց փաստաբանը: