Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Ոչ, պարոն Արսեն․ Վրաստանից պատասխանել են Արսեն Թորոսյանին

analitik.am

 

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է անվանել  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, ով «կասկածելի» է անվանել Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը։ Այս մասին գրում է apsny.ge-ը։

Ըստ հայկական լրատվամիջոցների, Թորոսյանն ասել է, որ Վրաստանում հակահամաճարակային համակարգը և առողջապահությունը տարբերվում են հայկականից, և ոչ լավ առումով: ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների և մահացությունների քիչ քանակը կարելի է բացատրել հարևան երկրում անցկացվող մեթոդաբանությամբ և թեստերի որակով:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Գամկրելիձեն ասել է, որ զարմացած է այդ գնահատականներից: Նա կասկած է հայտնել առ այն, որ Թորոսյանն իսկապես կարող էր նման հայտարարություն անել: Գամկրելիձեն չի բացառում, որ լրագրողները սխալ են մեկնաբանել նախարարի խոսքերը։

«Ես անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին: Մի փոքր զարմանալի է, եթե այս հայտարարությունն իր կողմից արվել է այս տեսանկյունից: Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդ ենք, հարևաններ, մենք ունենք ընդհանուր մեծ պատմություն: Մի փոքր զարմանալի է նրա կողմից լսել նման ոչ դիվանագիտական ​​հայտարարություններ»,-ասել է Գամկրելիձեն:

Թորոսյանը պնդել է նաև, որ Վրաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների, այդ թվում նաև բեռնատարների վարորդների շրջանում կորոնավիրուսով վարակված մեծ թվով քաղաքացիներ կան: Սրան ի պատասխան Գամկրելիձեն հիշեցրել է, որ նման դեպքերի համար գոյություն ունի ԱՀԿ-ի առողջապահության պահպանման կանոնների մասին միջազգային կոնվենցիայի կանոնակարգը՝ հավելելով, որ Հայաստանն ու Վրաստանը հանդիսանում են ԱՀԿ անդամներ:

Ինչպես բացատրել է վրացի պաշտոնյան, եթե Վրաստանի տարածքում վիրուսը հաստատվում է օտարերկրացիների մոտ, ապա իշխանությունները տեղեկացնում են ԱՀԿ-ին, ինչպես նաև այն պետությանը, որի քաղաքացին է վարակված անձը․ «Դրանից ելնելով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև՝ մեզ»,-ասել է նա։

Գամկրելիձեն մեկնաբանել է նաև Թորոսյանի հայտարարությունները՝ կապված Վրաստանում մահացությունների գրանցման մեթոդաբանության հետ՝ նշելով, որ այսօր Վրաստանում, բոլոր հիվանդանոցներում թեստավորվում են թոքաբորբով բոլոր հիվանդները և բոլոր ամբուլատոր դիմումները, որտեղ ախտորոշում են թոքաբորբը:

«Նա կարող է տեսնել մեր կողմից հրապարակված տվյալները, որոնք հրապարակվում են նաև անգլերենով: Դրանք կան մեր կայքէջում: Մեր տարեկան վիճակագրական բազայում կա թոքաբորբի դինամիկա: Մենք դա ուսումնասիրել ենք: Մենք չունենք, այսպես կոչված, «ավելցուկային մահացություն», որը համարվում է այս համաճարակի ընթացքում ամենակարևորներից (ցուցանիշներից) մեկը: Այն եղել է ու կա Իտալիայում, շատ երկրներում, որտեղ եղել է մահացության բարձր մակարդակ: Մենք դրան հետևում ենք 3-4 ամսվա ընթացքում. Արդյո՞ք մենք ունենք «ավելցուկային մահացություն» 2018, 2019, 2020 թվականների համեմատ, ներառյալ՝ թոքաբորբից: Մենք դա չունենք»,-ավելացրել է նա:

Միևնույն ժամանակ, Գամկրելիձեն հավաստիացրել է Թորոսյանին՝ երբ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը տրամադրում է կորոնավիրուսի հայտնաբերման համար իրականացված թեստերի քանակի վերաբերյալ վիճակագրություն, խոսքը վերաբերում է միայն ՊՇՌ թեստերին, իսկ էքսպրես թեստերը, որը համարվում է պակաս ճշգրիտ, հաշվի չեն առնվում։

«Ոչ, պարոն Թորոսյան, այն 46 կամ 47 թեստերը, բոլորը ՊՇՌ թեստեր են։ Դրանց մեջ մենք չենք ներառում մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում »,-ավելացրել է նա:

 

Նույն շարքից