Հասարակություն 

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

Ես՝ որպես փաստաբան, հոգեբան Կարինե Նալչաջյանը, սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը  և Հայկ Այվազյանը ՀՀ կառավարությանը կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել առաջարկելով՝
1. Կրթության և առողջապահության ոլորտում չօգտագործել Սեռական կրթության եվրոպական ստանդարտները և Ուղեցույցը (դրանցում նշված մոտեցումները), այդ մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնելով հանրությանը.

2.Կրթության և առողջապահության ոլորտում օգտագործել ազգային-քրիստոնեական արժեհամակարգի հենքի վրա մշակված կրթության ստանդարտներ (կրթական ծրագրեր, այդ թվում՝ Կոնվենցիայի կիրառման իմաստով)՝ դրանք մինչև ընդունելը ներկայացնելով հանրային լայն քննարկման և ապահովելով ծնողների, մանկավարժների, հոգեբանների, սեքսոլոգների, իրավաբանների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը նախագծի ձևավորմանը:

Հանրագրի տեքստը տես ստորև նշված հղումով:

Մեջբերում տեքստից՝
Մասնագետները վկայում են, որ սեռական կյանքի մասին ուղղակիորեն մինչև 12 տարեկան երեխայի հետ խոսելը, այսինքն` մինչև արբունքի շրջան հասնելը, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Ժամանակից շուտ երեխային սեռական կրթություն տալը կնշանակի խլել նրանից իր մանկությունը, ինչը կարող է խեղել նրա հոգեկան աշխարհը, զրկելով նրան կարևոր մարդկային հատկանիշներից` վտանգելով նրա հոգեկան առողջությունը, այլասերելով սեքսուալությունը` քանի որ մանկական վառ արտահայտված երևակայությունը սկսում է գործել սիրո համատեքստից կտրված սեռականության մեջ։

Ըստ մասնագետների (հոգեբան, բժիշկ-սեքսոլոգ) մինչև 12 տարեկան երեխան սեռականություն (սեքսուալություն) չի կարող ունենալ։ Այդ տարիքին չհասած երեխան դեռևս գտնվում է սեռական հասունացման նախնական, այսպես կոչված՝ լատենտ փուլում (մինչգենիտալային սեռականություն, սեռական զարգացման պրեպուբերտատ շրջան) և հոգեբանական ու սեքսոլոգիական տեսակետից հակացուցված է նրան այնպիսի գիտելիքներ տալը, որոնք նրան արհեստականորեն, ըստ էության՝ բռնի կերպով կտեղափոխեն սեռականության մասին պատկերացումների այնպիսի տիրույթ, որը հակասում է նրա բնականոն զարգացման տրամաբանությանը, կարթնացնեն նրա սեքսուալությունը, առանց մարմնասեռական հիմքի, այսինքն` ոչ սինխրոն սեռական զարգացման կտանեն, երբ մարմինը դեռ մանկական է, իսկ հոգեկանն` արդեն հասուն մեծի։ Արդյունքը կարող է լինել՝ գաճաճ սեքսուալություն, տձև զարգացման ընթացք։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից