Կորոնավիրուս Հասարակություն 

«Սարտեքս»-ի նաև կորոնավիրուսով վարակված աշխատակցուհիներին ազատել են աշխատանքից

 

«Սարտեքս» կարի արտադրամասը Հայաստանում կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրներից մեկն էր: Այստեղ աշխատում էին մոտ 500 դերձակուհի, ովքեր բնակվում են հիմնականում Արարատի մարզի տարբեր գյուղերում, Երևանում և Չարենցավանում։ «Սարտեքս»-ում վարակվելուց հետո նրանք վարակը տարածել են իրենց բնակավայրերում:

Մարտի 16-ից արտադրամասը չի աշխատել, աշխատանքները վերականգնվել են մայիսի սկզբներից: Եվ ահա վերջին 10 օրերի ընթացքում դերձակուհիների մի մասին տեղյակ են պահել, որ աշխատանքից ազատված են:

Analitik.am-ի տեղեկություններով, այս օրերին մոտ 100 դերձակուհու ազատել են աշխատանքից՝ մեկնաբանելով, որ նրանք չեն կարողանում բրենդային հագուստներ կարել:

Նշենք, որ այս ընկերությունը հայ-իտալական է և արտադրում է բրենդային բաճկոններ, այն իրացվում է Եվրոպայում։ Աշխատակցուհիներին հիմնականում վճարվել է 70 000 դրամ աշխատավարձ: Իսկ թե ինչու է որոշվել ազատել նրանց աշխատանքից՝ առանց որևէ լուրջ հիմնավորման, նրանք միայն ենթադրություններ կարող են անել:

Վերջին ամիսներին ապրանքի տեղափոխման խնդիրներ են եղել։ Բացի այդ, «Սարտեքս»-ում արտադրում են տաք բաճկոններ, որոնք այս սեզոնին չեն վաճառվում:

Դերձակուհիները դժգոհել են, թե բավարար չէ այն, որ «Սարտեքս»-ում կորոնավիրուսով վարակվել են ոչ միայն իրենք, իրենց ընտանիքի անդամները, հարազատները, այլ նաև այս դժվարին շրջանում ազատում են աշխատանքից. «Մեզ վարակել եք, հիմա էլ ազատո՞ւմ եք աշխատանքից»։

«Սարտեքս»-ը ներկա ծանր ֆինանսական իրավիճակում սոցիալական պատասխանատվության փոխարեն դերձակուհիների մի մասին ազատել է աշխատանքից՝ այդ գործընթացը համեմելով մասնագիտական վիրավորանքներով՝ «Լավ չեք կարողանում կարել»:

Գոհար Ստեփանյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից