Բարի օր Իրավական 

Արտոնյալ մարդասպանը․ Պսիխոպատ Մհեր Ենոքյանին իր դիմումի համաձայն են մեկուսի պահում

analitik.am

Մհեր Ենոքյանն իր ցանկությամբ է մենակ պահվում խցում։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Պատասխանում  նաև նշվում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա է որոշում կայացվել մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փակ ուղղիչ հիմնարկից տեղափոխել կիսափակ ուղղիչ հիմնարկ։

Ինչ վերաբերում է մենակ խցում պահելուն, ապա նշել են, որ 2018 թվականի հունիսի 1-ին դատապարտյալ Մհեր Ենոքյանը դիմումով խնդրել է, որ իրեն պահեն մեկուսի: Ըստ այդմ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 130 որոշմամբ դիմումը բավարարվել է: Հետագայում խցերի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Մհեր Ենոքյանին առաջարկվել է, որպեսզի իր հետ նույն խցում պատիժ կրի մեկ այլ ցմահ ազատազրկման դատապարտված անձ, սակայն Մհեր Ենոքյանը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կրկին դիմում է ներկայացրել խցում պատիժը միայնակ կրելու վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկի պետի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 251 որոշմամբ նա մինչ օրս խցում պահվում է միայնակ:

Արդարադատության նախարարության պատասխանից ստացվում է, որ պսիխոպատ մարդասպան Մհեր Ենոքյանը մենակ է պահվում խցում, քանի որ ինքն այդպես է ցանկանում՝ հիմնվում ենք նախարարության տված պատասխանի վրա, որի համաձայն մեկուսի պահելու հիմքը մարդասպան Ենոքյանի դիմումն է։ Նշենք նաև, որ պարզ չէ, թե ինչ հիմքերով է փոխվել մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փակից կիսափակ։

ՀՀ Արդարադատության նախարարությունը բովանդակազուրկ է համարել Analitik.am-ի այն որակումը, որ մարդասպան Մհեր Ենոքյանին մենակ խցում պահելն անօրինական է՝ նշելով․ «Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ որևէ հիմնադրամ կամ կազմակերպություն որևէ իրավասություն չունի որոշելու ցմահ ազատազրկման դատապարտված անձին մենախուց տեղափոխելու հարցը. այն իրականացվում է բացառապես քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Ըստ այդմ, Ձեր գրությամբ տրված որակումը, այն է՝ անօրինական կերպով խցում մենակ պահելը, բովանդակազուրկ է»:

Հարկ ենք համարում նշել, որ ըստ օրենքի մեկուսի կամ այլ անձանց հետ պահելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումները չեն կրում հրամայական բնույթ, այլ հայեցողական են, հետևաբար պետք է ունենան հիմքեր, թե ինչու է ՔԿՀ պետը որոշել բավարարել մարդասպան Մհեր Ենոքյանի՝ իրեն մեկուսի պահվելու վերաբերյալ  դիմումն՝ այն էլ խցերի  ծանրաբեռնավածության պայմաններում, եթե չի եղել ճնշում՝ այս դեպքում «Սորոսի»   Բաց հասարակության հիմնադրամների կողմից։ Նշենք նաև, որ Արդարադատության նախարարությունն իր պատասխանում չի նշել, թե ինչ հիմքերով է «Նուբարաշեն» ՔԿՀ պետը որոշում կայացրել բավարարել մարդասպան Մհեր Ենոքյանի դիմումը, արդյոք հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, թե ոչ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Analitik.am-ը գրել էր այն մասին, որ ռեժիմի փոփոխվելուց հետո Մհեր Ենոքյանը շարունակում է մենակ լինել խցում, նրան այլ խուց չեն տեղափոխում, քանի որ Ենոքյանը հոգեպես անհավասարակշիռ պահվածք ունի՝ պսիխոպատ է, և այլ անձանց հետ նույն խցում գտնվելու դեպքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից։ Մարդասպան  Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել, հետևաբար կարևոր է, որպեսզի նա որևէ կոնֆլիկտ չունենա՝ ցույց տալու համար, թե իբր դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Հենց այս պատճառով էլ Ենոքյանին արտոնյալ պայմաններում են պահում՝ զերծ պահելով այլ անձանց հետ  կոնֆլիկտներ ունենալուց, ինչը, հաշվի առնելով վերջինիս վարքագիծն, անխուսափելի է, եթե այլ անձանց հետ գտնվի նույն խցում։

 

Նույն շարքից