Կորոնավիրուս Հասարակություն 

Անհրաժեշտ է սահամանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը

analitik.am

 

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։

Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։

Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։

Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։

Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։

Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր:

Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

Նույն շարքից