Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մայիսի 22-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությամբ՝ մի քանի դիտարկում անելով դրա վերաբերյալ:
«1.Ակնհայտ է, որ սույն տեսանյութով խախտվում է Արմեն Մելքոնյանի անմեղության կանխավարկածը,
2.Արդեն իսկ Դատարանի որոշմամբ հաստատվել է Արմեն Մելքոնյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը,
3.Արմեն Մելքոնյանին առաջադրվել է իրավական որոշակիության չափանիշներից չբխող մեղադրանք»,-գրել է նա:
Analitik.am-ի հետ զրույցում փաստաբանը որոշ մանրամասներ է հայտնել վերոնշյալ թեմայի վերաբերյալ:
Հարցին՝ պատրաստվում են արդյո՞ք բողոք ներկայացնել այն մասով, որ ԱԱԾ-ն իր տեսանյութով խախտել է Ա․Մելքոնյանի անմեղության կանխավարկածը, Սիմոնյանը դրական պատասխան է տվել. «Արդենի իսկ պատրաստվում է համապատասխան բողոքը»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմքերով է դատարանը ոչ իրավաչափ ճանաչել ձերբակալումը, փաստաբանը նշել է՝ քանի որ Ա.Մելքոնյանի ձերբակալման հիմքի և նպատակների վերաբերյալ բավարար հիմնավորումներ չեն եղել:
Հարցին, թե ինչ մեղադրանք էր առաջադրված և ինչու էությունը պարզ և հասկանալի չէ, փաստաբանը պատասխանել է. «Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ըստ որի 1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը` 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են` 5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից` մասնավորապես պարզ չի, թե ով կամ ովքեր կամ ինչ չափորոշիչներով են որոշվում՝ քրեական բարձրագույն աստիճանակարգը: Այդ աստիճանակարգի բարձրագույն կամ ստորին կարգավիճակներն ի՞նչ չափանիշների հիման վրա են ձևավորվում:
Անձն ինչ պետք է անի կամ չանի որ չհամարվի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ: Նաև հարց է առաջանում, թե որ միջավայրում է անձը հեղինակություն համարվում՝ քրեակատարողական հիմնարկում, դրսում, այգում, բակի նարդի խաղացողների մոտ, աշխատավայրում և այլն: Կամ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչված վարքագծի կանոններ» արտահայտությունից պարզ ու հասկանալի չէ, թե խոսքը կոնկրետ ինչ խմբավորման մասին է, այն անվանում ունի, թե՝ ոչ: Կամ այդ կանոնները որոնք են»: