Բարի օր Հասարակություն 

0-ից 11 տարեկան երեխային սեռադաստիարակելը նշանակում է այլասերել այդ երեխային. Հոգեբան

analitik.am

Մայիս 11-ին ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անունով:

Այդ կոնվենցիայում հատուկ նշած է սեռական բռնության ուսուցման պրոցեսի մասին: Դա մեզ տրվել է ԵՄ-ի ու ԱՀԿ-ի կողմից, որտեղ արդեն վաղուց ուսուցման հետ կապված սահմանված նորմեր կան: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը։

«Կոնվենցիայում ներառված են տարիքային խմբեր՝ 0-ից 4 տարեկան, 4-ից 6 տարեկան, 6-ից 11 և այլն: Այդ նորմերում նշված է, թե ինչ ուսուցում է պետք տալ երեխաներին: 0-ից 4 տարեկան երեխաների համար ներառված է հղիություն, սեփական մարմին և նման բաներ, 4-ից 6 տարեկան երեխաների համար՝ գենդեր, սեփական մարմնից հաճույք ստանալ և էլի նման շատ գաղափարներ: Բոլորը չնշեմ,  բայց ուսուցման համար բավականին շատ բաներ կան, որոնք մեր էթիկայի համար հետաքրքիր ու ընդունելի չեն: Երեխայի հոգեբանական զարգացման համար դա անընդունելի է, որովհետև երեխայի սեռական դաստիարակումը կարելի է կազմակերպել, գոնե 11-ից բարձր տարիքում»:

Հոգեբանի խոսքերով, մինչև այդ տարիքը, երեխան ոչ միայն սեռական զարգացման և բռնության մասին գաղափար չունի, այլ նաև սեռի. «Մենք ունենք տարիքներ, որտեղ երեխան գտնվում է սեռակողմնորոշման փուլում և նա դեռևս պետք է կարողանա տարբերակի տղա-աղջիկ սեռերը, պետք է հասկանա, թե ինքը որ սեռին է պատկանում»:

Պարոն Մադաթյանը նշեց, որ մինչ այդ տարիքը երեխային նման գաղափարներ տալը նշանակում է երեխայից ավելի շատ սարքել սեռականացված անձ, իսկ հետագայում  դրա հետևանքով անպայման կունենանք աննորմալ արտահայտումներ. «Պետք չէ մոռանալ, որ սեռադաստիարակության շրջանում Հայաստանում ծնողները հիմնականում կոնկրետ արգելքներ են սահմանում երեխաների համար: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ կա մի տարիք, երբ որտեղ երեխան փորձում է անել հակառակը: Արդյունքում մենք կունենանք երեխաներ, ովքեր կսկսեն ավելի շատ ձգտել մի բանի, որն իրենց համար արգելք է հանդիսանում»:

Ըստ հոգեբանի, Լանզարոտեի կոնվենցիան ընդունած երկրներում սեռական բռնության և սեռական այլասերումների չափերը բոլորովին չեն նվազել, ընդհակառակը՝ որոշ երկրներում նույնիսկ աճ է գրանցել. «Ես չեմ տեսնում այս կոնվենցիայի ընդունման հրատապությունը, որովհետև Հայաստանը չի մտնում սեռական բռնությունների թվի մասով վտանգավոր երկրների մեջ, դա էլ այն պայմաններում, երբ այսօր Հայաստանն ունի բազմաթիվ կարևոր ու արդիական մարտահրավերներ, որոնք կարելի էր այս պահին առաջնային համարել»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ կոնվենցիայի մեջ հենց սկզբից սահմանման խնդիր կա. երեխա գաղափարը սահմանվում է 0-ից 18 տարեկան չափանիշով: Նրա խոսքերով, ՀՀ-ում երեխա համարում են  0-ից 11 տարեկաններին,  իսկ 11-ից բարձր՝ մինչև 15 տարեկան, ասում են դեռահաս, դրանից բարձր՝ արդեն պատանի. «Ես դեմ չեմ, որ մենք դեռահասին ու պատանուն սեռական դաստիարակություն տանք, բայց 0-ից 11 տարեկան երեխային սեռադաստիարակելը նշանակում է այլասերել այդ երեխային»:

Մադաթյանն անդրադարձավ նաև «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքին, որը Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում մի կնոջ կողմից բաժանվել էր երեխաներին:

Նրա պնդմամբ, այդ կնոջը պետք է պատասխանատվության ենթարկել, որովհետև նա երեխաների այլասերումով է զբաղվել. «Բայց, եթե հաշվի առնենք մեր իշխանության մոտեցումը, ապա դա կարող է նորմալ լինել: Բանն այն է, որ մենք ժամանակին մեծ շուխուռով ունեցանք «Իմ մարմինն իմ անձնականն է» անունով մի այլասերվածությունը: Այս տարիքում երեխային սովորացնել, թե որն է սեռական օրգանը, նշանակում է երեխայի մանկությունը պղծել:

Նույն Լանզարոտեի կոնվենցիայում անչափահասների մասին մի կետ կա, որի համաձայն, եթե 2 անչափահաս փոխադարձ համաձայնությամբ են սեռական կապի մեջ մտել,  դա քրեորեն պատժելի չէ»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից