Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ՈՉԻՆՉ չի հետաքրքրում. Ղազինյան

analitik.am

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից շատ հարգված Siranush Sahakyan-ի արված տիտանական և ֆանտաստիկ աշխատանքը, չի կարևորելու այդ որոշումը Արցախյան հակամարտության բանակցություններում Հայկական կողմի դիրքերի ամրացման և ժողովուրդների անհամատեղելիության փաստարկը կիրառելու համար։

Երեկ երբ հայտարարվեց, որ ուղերձով դիմելու է ժողովրդին, ինձ մի պահ թվաց, թե սխալվել եմ, ու մեղքս ինչ թաքցնեմ, ուրախացա այդ մտքից։ Բայց ուրախությունս կարճ տևեց։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի Ռամիլ Սաֆարովին ներում և ծառայողական առաջխաղացում շնորհելու գործողությունները գնահատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։ Սա պատմական որոշում է, որի ուժով Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են սեղմ ժամկետներում վերացնել խախտումը և Սաֆարովը պետք է հայտնվի ազատազրկման վայրում։

Ես իհարկե ավելի կգերադասեի, որ նա հայտնվեր բոլորովին այլ վայրում՝ Գուրգեն Մարգարյանի հակառակ ճամբարում՝ դժողքում, սակայն սա ևս որոշ չափով կվերականգնի արդարության և արդարադատության հասցված մեծ վնասը։

Բայց Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին այս որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել, քանի որ ինքը զբաղված է իր «ժողովրդին» խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ, ինչի շրջանակներում նա գերադասում է հագնել գլխավոր սանիտարական բժշկի խալաթը և իր «ժողովրդին» սովորեցնել դիմակ կրելու և ձեռքերը ախտահանելու նրբությունները, քան արժևորել Հայ Սպային ադրբեջանցի վիժվածքի կողմից դաժան սպանության և Ալիևի կողմից հերոսացման միջազգային դատապարտող գնահատականը։

Գուրգեն Մարգարյանն իրեն այլևս չի հետաքրքրում, քանի որ նա հիմա խաղաղություն է կառուցում և զբաղված է իր իշխանության լրջագույն սպառնալիք դարձած համաճարակի խնդիրներով։

Հետևություն. Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ՈՉԻՆՉ չի հետաքրքրում . . .

Արթուր Ղազինյան

Նույն շարքից