Իրավական Տեսանյութեր 

Ծանոթացեք` Սյունիքի մարզային ոստիկանության պետն է` Գևորգ Ազիզյանը. Ինչու էր նա պաշտոնանկ արվել /տեսանյութ/

analitik.am

Ծանոթացեք` Սյունիքի մարզային ոստիկանության պետն է` Գևորգ Ազիզյանը:

Քաղաքացիներին հուժկու հաթաթա տվող Ազիզյանը ժամանակին Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով:

Նրա մասնակցությամբ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2016թ. մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել:

Միջադեպից կարճ ժամանակ անց՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, սակայն հուլիսի 15–ին նա կրկին վերականգնվել էր նախկին պաշտոնին։

Գեւորգ Ազիզյանի անվան հետ կապված մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել 2017թ. փետրվարին։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանը հաղորդում էր տվել այն մասին, որ փետրվարի 27–ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու եւ անհանգստացնելու համար: Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել եւ սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:

Սա կարճ դրվագ է մարզի գործող ոստիկանապետի անփառունակ անցյալից ով հավաքված քաղաքացիներին սպառնում է չհեռանալու պարագայում ազատազրկել:

Նրա խոսքերը միտված են հարստացնել վերջինիս առերևույթ քրեական անցյալը, սակայն ինչպես պարզ է դառնում, նա շարունակում է մնալ անպատիժ:

Արդյոք «անբասիր» ուղի անցած այս անձը որևէ մեկին պատժելու սպառնալիքի իրավական կամ բարոյական իրավունք ունի` գնահատականը թողնում եմ ձեզ ու իրավապահներին:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյան

Նույն շարքից