Տնտեսություն 

Գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել Լոռու մարզի համայնքների 10 ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների

analitik.am

 

Հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գյուղատնտեսական տեխնիկայի կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն(EU-GAIA)» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի համայնքների թվով 10 գյուղատնտեսների և ֆերմերային տնտեսությունների (Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջաններից) այսօր հանդիսավոր պայմաններում տրամադրեցին հողամշակման փոքրամասշտաբ մեքենաներ՝ բարձրակարգ մոտոբլոկներ հարակից կցագործիքներով:

Գյուղատնտեսներն ընտրվել են Լոռու մարզպետարանի օգնությամբ՝ հաշվի առնելով գյուղատնտեսների կարիքները, նրանց ակտիվությունը և հետագայում ընդլայնվելու և ավելի շատ հողատարածքներ մշակելու հեռանկարները:

Նրանց համար նոր սարքավորումները կստեղծեն կայուն եկամուտ ստանալու հնարավորություն:

Նոր տեխնիկայի շնորհիվ նրանք կկարողանան աճեցնել մրգեր և բանջարեղեն արդենիսկ այս տարվանից սկսած:

Տրակտորի համեմատ մոտոբլոկը շատ ավելի արդյունավետ և ռեսուրսախնայող գյուղտեխնիկա է՝ բազմաֆունկցիոնալ ու ավելի քիչ վնաս է հասցնում բնությանը:

Գյուղատնտեսական տեխնիկայի հանձնումը տեղի ունեցավ Վանաձորի Հայքի հրապարակում: Ներկա էին մարզպետ Ադրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Ավստրիական զարգացման գործակալության «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի Լոռու մարզի տարածքային գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Քալաշյանը, ծրագրի շահառուները:

Մարզի ղեկավարն իր ողջունի խոսքում կարևորեց Եվրոպական միության ընձեռած հնարավորությունը գյուղատնտեսներին՝ նշելով, որ այն մեծ աջակցություն է մարզի համար հատկապես համավարակի հետևանքների մեղմման նպատակով.

-Լոռու մարզում հողերի կառավարման արդյունավետությունը բարելավելու, մշակվող տարածքներն ընդլայնելու և պտուղ- բանջարեղենի արժեշղթաները զարգացնելու համար մենք «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի մեր գործընկերներին ներկայացրեցինք առաջատար և փորձառու ֆերմերների, ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ցանկը, որոնք պատրաստ են ընդլայնելու իրենց արտադրական տարածքները և գրագետ գյուղատնտեսական պրակտիկայով կիսվելու շահառու ֆերմերների հետ:

Մեր նպատակն է, որպեսզի մարզում գյուղատնտեսական նշանակության չմշակվող որևէ հողտարածք չմնա,-ասաց Ա. Ղուկասյանը:

Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, նույնպես շնորհակալություն հայտնելով մարզին ցուցաբերված աջակցության համար, նշեց, որ մարզպետարանը պարբերաբար այցեր կկատարի շահառու հանդիսացող ֆերմերային տնտեսություններ՝ տեսնելու՝ արդյունավե՞տ է օգտագործվում տեխնիկան և արդյոք ի՞նչ արդյունքներ են գրանցել գյուղատնտեսները:

-Նրանց առաջարկվել է անհրաժեշտության դեպքում տեխնիկայով օգտակար լինել նաև հարևանությամբ գործունեություն ծավալող մյուս գյուղատնտեսներին,-ասաց փոխմարզպետը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Արմինե Քալաշյանը: Նա հույս հայտնեց, որ տրամադրված աջակցությունը կնպաստի և նոր խթան կստեղծի ֆերմերների համար ընդլայնելու իրենց գործունեությունը:

Նա նաև նշեց, որ գյուղտնտեսության զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու՝ հորդորելով գյուղտնտեսներին բաց չթողնել ընձեռվող հնարավորությունները:

Շահառուների անունից երախտագիտության խոսքեր հնչեցրեց «Առողջ սնունդ» կոոպերատիվի նախագահ, ծրագրի շահառու Ալվարդ Դավոյանը՝ Վարդաբլուր համայնքից՝ նշելով, որ այս աջակցության շնորհիվ կկարողանան արդեն իսկ ընթացիկ տարում ավելացնել վարելահողերի մշակումը, դիվերսիֆիկացնել արտադրությունը և լինել ինքնաբավ տնտեսության մեջ:

Այնուհետ ներկաների համար կատարվեց սարքավորումների շահագործման ուսուցողական ցուցադրություն։

 

Նույն շարքից