Գլխավոր Հասարակություն 

ՀՀ-ին տրամադրվել է մոտ 104 միլիոն ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ-ին տարբեր միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից տրամադրվել է մոտ 101 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար և մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլն գնելու նպատակով։  Այս մասին, ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 92 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Նշվում է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում աջակցության փաթեթի մշակման աշխատանքները վերջնականցնելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 5,9 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն, որն ուղղվելու է առողջապահական կարիքների  և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։

ՀՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի Միջազգաին զարգացման ընկերակցության միջև 2013-ի մայիսի 17-ին կնքված Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի՝ մարտի 31-ին ստորագրված փոփոխության համաձայն՝ առկա միջոցներից 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումարն ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերմանը։

Հայաստանին օգնություն են տրամադրել նաև ՄԱԿ-ի գործակալությունները՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից տրամադրվել է 130 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ 40 000 ԱՄն դոլար արժողությամբ անձնական պաշտպանիչ միջոցներ և շուրջ 120 000 ԱՄՆ դոլար էլ՝ երեխաների ուսուցման էլեկտրոնային նյութեր պատրաստելու և հեռուստադասեր կազմակերպելու համար։ Պարենի համաշխարհային ծրագրով ՀՀ-ին է տրամադրվել  1 միլիոն ԱՄՆ  դոլարի չափով սարքավորումներ, պարագաներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տրամադրել է 80 000 ԱՄՆ դոլար արժողությամբ  բժշկական պարագաներ։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կողմից շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի բժշկական պարագաներ են տրամադրվել ՀՀ-ին։ 90 000 եվրոյի բժշկական սարքեր, նյութեր ու պարագաներ տրամադրվել են Ատոմային էներգիայի գործակալության կողմից։

Բացի միջազգային կազմակերպություններից, ՀՀ-ին օգնություն են տրամադրել նաև գերծընկեր պետությունները՝ Ռուսաստան՝ բժշկական պարագաների և սարքավորումների տեսքով, Կանադա՝ 500 000 կանադական դոլարի  բժշկական սարքավորումներ և պարագաներ, Չինաստան՝ մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ, 20 000 ԱՄՆ դոլարի չափով էլ աջակցություն, Ճապոնիա՝ բժշկական պարագաներ և դեղամիջոցներ, Հնդկաստան՝ դեղամիջոցներ, Նիդեռլանդներ՝ բժշկական պարագաներ, Շվեյցարիա՝ 40 000 շվեյցարական ֆրանկ՝ սարքեր գնելու նպատակով, Ֆրանսիա՝ 30 000 եվրո աջակցություն, Լիտվա՝ բժշկական պարագաներ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ բժշկական պարագաներ։

 

Ընդհանուր առմամբ ՀՀ-ին տրամադրվել է մոտ 104 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար և աջակցություն՝ բժշկական սարքավորումների, պարագաների և այլնի տեսքով։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից