Իրավական Հասարակություն 

Կալիֆոռնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանին վաղաժամկետ ազատ արձակել

analitik.am

Չնայած հօգուտ Համբիկ Սասունյանի դեռևս դեկտեմբերին Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի առաջարկությանը՝ երեքշաբթի՝ մայիսի 26-ին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմը մերժել է նրա պայմանական վաղաժամկետ ազատման հայցը՝ իր ծավալուն որոշման մեջ ասելով, որ ինքը գիտակցում է այն քայլերը, որոնք Սասունյանը կատարել է տասնամյակներ շարունակ՝ ինքն իրեն վերականգնելու համար, բայց նա չի հավատում, որ Սասունյանը պետք է ազատ արձակվի. տեղեկացնում է Ասպարեզը:

Իր որոշան մեջ նա, մասնավորապես, նշել է. «Ես գովեստի խոսքեր եմ ուղղում պարոն Սասունյանին բանտում վերականգնողական ջանքերի համար, բայց ես գտնում եմ, որ դրանք չեն գերակշռում բացասական գործոններին, որոնք գալիս են ի ցույց դնելու, որ այս պահին անթույլատրելի է պայմանական վաղաժամկետ ազատման կիրառումը», ու հավելել՝ «Ես հավատում եմ, որ պարոն Սասունյանը դեռևս ցույց չի տվել, որ բավականաչափ երկար ժամանակահատվածի ընթացքում զարգացրել և պահպանել է անհրաժեշտ պատկերացումներն ու հմտությունները: Մասնավորապես, ես մտահոգված եմ, որ պարոն Սասունյանը շարունակել է թերագնահատել իրենից պահանջվող զգոնությունը, այժմ և ապագայում, հետևողականորեն վարվել այնպիսի եղանակով, որը խթանում է օրենքի գերակայությունը և խուսափում է բռնություն հրահրելուց, անգամ `անուղղակիորեն»:

Որոշումն ամփոփելով նահանգապետը նշել է. «Ապացույցներն ուսումնասիրելուց և հաշվի առնելուց հետո, ես հավատում եմ, որ պարոն Սասունյանը պետք է լրացուցիչ աշխատանքներ կատարի՝ նախքան նրան ազատ արձակելը: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ նա դեռ ազատազրկման է ենթակա, քանի որ նա դեռևս հասարակության համար վտանգ ներկայացնող անձ է, և ես բեկանում եմ Խորհրդի որոշումը պարոն Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ»։

Ի պատասխան՝ Համբիկ Սասունյանի պաշտպանական խումբը նշել է. «Մենք չափազանց հիասթափված ենք Կառավարությունից. նահանգապետի որոշումամբ մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հանձնաժողովի առաջարկությունը, ու այդպիսով ընտրվել այն տարբերակը, որով Համբիկ Սասունյանին չի տրվել այն ազատությունը, որին նա արժանի է»։

Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել 1984-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արիկանի սպանության համար: Սասունյանը բանտում է արդեն 38 տարի. նա կկարողանա պայմանական վաղաժամկետ արձակման համար կրկին դիմել 18 ամսից։

Նույն շարքից