Բարի օր Հասարակություն 

Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է. Արմեն Սարգսյան

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:

Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով:

Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը:

Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը:

Երկրում ստեղծվեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատվեցին քաղաքացիական ազատություններ, հավասար ընտրական իրավունքներ, այդ թվում՝ կանանց:

Սկիզբ դրվեց պետական շինարարությանը, զարկ տրվեց լուսավորությանը, գիտությանն ու կրթությանը:

Ամեն կողմից Հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայությունը մատուցելու նորանկախ պետությանը:

Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին Հայաստանի դեսպաններ և ներկայացուցիչներ:

Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը:

Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը:

Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ:

Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը:

Մեր օրերում դա դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ:

Մարդկության պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմանների և հնարավորությունների, սակայն ազգային գերագույն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի և հաջողության:

100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար:

1991թ. անկախությունից հետո Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական Հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:

Աստված պահապան բոլորիս»,-ասված է ուղերձում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից