Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն…
Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց:
Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:
Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են!»:
168.am-ը կապ է հաստատել Ռուբեն Հայրապետյանի հետ, կարդացել ԱԺ փոխխոսնակի գրառումը, որի մասին ՀՖՖ նախկին նախագահը տեղեկացել է լրատվամիջոցից. «Խնդրեցինք մեկնաբանել այն ու պատասխանել այն հարցին, թե իր տպավորությամբ Ալեն Սիմոնյանը սեփական նախաձեռնությա՞մբ է պարբերաբար նման գրառումներ կատարում այս կամ այն անձի հասցեին թե՞ նրան ուղղորդում կամ հրահանգում են դա անել:
Վերջինս նախ ասաց, որ չի ուզում խոսել իր քրեական գործի մանրամասներից, քանի որ իրավական երկրում, ըստ իրեն, քրեական գործի մասին կարող է խոսել, մանրամասներ հայտնել այդ գործով փաստաբանը, ով, բնականաբար, առավել տեղեկացված ու կոմպետենտ է դա անել:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ԱԺ փոխխոսնակին հրահանգավորում են նման գրառումներ կատարել, Ռուբեն Հայրապետյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի կոնկրետ այս գրառումը հրահանգավորված է, բայց նա իզուր է շտապում: Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից: Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»,-ապա մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը գրկում է միայն կանանց»,-գրում է լրատվամիջոցը: