Իրավական 

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ այնուհետև ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից