Քաղաքականություն 

ԿԳՄՍ նախարարը մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին․ սա ամենասոսկալի սխալն էր․ Հայկ Դեմոյան. Tert.am

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «փակ ֆոնդեր» արտահայտությամբ մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին։ «Փակ ֆոնդ» հասկացությունն ամենասոսկալի սխալն էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը։

«Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի կողմից նման չմշակված հայտարարությունը վտանգավոր էր թե՛ հաստատության, թե՛ ՀՀ շահերի և վարկանիշի առումով։

«Երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում օգտագործվում է «փակ ֆոնդ» հասկացությունը, դա ամենամեծ նվերն է թուրք ժխտողականներին։ Նրանք միշտ մեղադրում են մեզ փակ արխիվներ ունենալու մեջ և նախարարի շուրթերով երեկ մեծ նվեր մատուցվեց նրանց։ Թանգարանում չկա «փակ ֆոնդեր» հասկացություն, կա անձեռնամխելի ֆոնդ, որը բացարձակապես այլ է։ Փակը նշանակում է անհասանելի, որ որևէ մեկին չենք տալիս, իսկ անձեռնամխելին դա փխրուն, մեկ օրինակով, խիստ հազվագյուտ նյութերն են, որ ցանկացած թանգարանում կա, բայց դա նույնպես հասանելի է։ Ոչ թե առձեռն է տրվում, այլ պատճենած կամ ժամանակավորապես տրամադրվում է հետազոտողին ինչ-որ պայմաններով»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Հարություն Մարությանի առաջարկով՝ հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն և տեղափոխվեն ստեղծվելիք գրադարան։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը բարձրացրեց նյութերի պահպանման անվտանգության հարցը, քանի որ դրանք կարող են դուրս բերվել թանգարանից։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են»։

«Վստահեցնում եմ, որ այդ նյութերի կորստի որևէ վտանգ չկա։ Գրադարանի ստեղծման արդյունքում այդ նյութերը հասանելի կլինեն հետազոտողներին: Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում: Ուստի, եթե որևէ բան կորի, ապա դա կարող է լինել թե՛ բաց, թե՛ փակ ֆոնդի դեպքում: Ամեն դեպքում, մենք ապահովելու ենք այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Հայկ Դեմոյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարը չունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և տնօրենի կողմից տրամադրված նյութերի կորստի մասին որևէ վավերացված փաստաթուղթ, քանի որ ներկայումս շարունակվում է հաշվառման գործընթացը․ «Չհաստատված, բանավոր ինչ-որ ենթադրության վրա ԱԺ բարձր ամբիոնից նախարարի շուրթերով նման անպատասխանատու հայտարարությունները դատապարտելի են։ Ես ցավում եմ նախարարի համար, ցավում եմ  նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և վտանգավոր գործելաոճի համար»,- ասաց նա։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը նաև բարձրացնում է հարցը, թե ո՞վ է պատասխանատու կորսված նյութերի համար, եթե այդպիսիք կան։ Հայկ Դեմոյանը նշում է, որ ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը հրաժարվել է ընտրվելուց հետո հաշվապահական և ֆոնդային միավորների ընդունում-հանձնում ձեռնարկելու՝ իր առաջարկից։

«Թանգարանի պարագայում ֆոնդերի առկայությունը, բացակայություն, կորուստը պետք է արձանագրվեր հենց սկզբից, դա հենց Հարություն Մարությանի անվտանգությունից ելնելով էի առաջարկել։ Բայց նա երևի տարվել էր հրճվանքով, որ ես այլևս չեմ լինի, իր խոսքերով՝ չեմ խանգարի իրեն, և հրաժարվեց դա անել։ Հիմա, եթե ենթադրենք՝ կա կորուստ, ով է տվյալ դեպքում պատասխան տալու։ Եղել են 4 ժամանակավոր պաշտոնակատար՝ 2017-ից սկսած։ Կարծում եմ՝ կորստի դեպքում առաջին պատասխանատուն Հարություն Մարությանն է»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Նա ենթադրում է, որ կորուստ է համարվել նվիրատուներին հենց իրենց փոխանցած նյութերը ժամանակավոր վերադարձնելու փաստը։ Հայկ Դեմոյանի խոսքով՝ 2016-ին և 2017-ին նվիրատուները խնդրել են իրենց նվիրաբերած որոշ ֆոնդային արժեքավոր նյութեր ժամանակավոր վերադարձնել իրենց երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆրանսիա և Նորվեգիա՝ ցուցադրություն կազմակերպելու համար։

«Ենթադրում եմ, որ նախարարին դա է փոխանցվել, ինչը կրկնակի սարսափելի է, որովհետև այս դեպքում հարվածի տակ են դրել նախարարին։ Այս մարդիկ եղել են Հարություն Մարությանի մոտ, առաջինի դեպքում իմ մասնակցությամբ, ծանոթացել եմ, ասել եմ, որ նյութերի մի մասը նվիրատուի մոտ է։ Հասկանում եք, չէ՞, նվիրատուն է տվել, մենք ուղղակի ժամանակավոր հետ ենք տվել։ Եվ նա տեղյակ է եղել, որ դրանք կորսված չեն, մենք գիտենք, թե դրանք որտեղ են։ Քանի որ Ֆրանսիա այցելություն չի եղել և հնարավորություն չի եղել բերել, դրանք այնտեղ են։ Նույնը նաև Նորվեգիա տարված նյութերի պարագայում է։ Դրանք դեռ թանգարան չեն վերադարձվել, բայց դա կորուստ չէ»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրադարան ստեղծելու՝ Հարություն Մարությանի առաջարկին, Հայկ Դեմոյանը նշեց, որ դա ժամանակատար և անիմաստ աշխատանք է։

«Տվյալ դեպքում, եթե կա Աստվածաշունչ, որը 1915-ին գաղթականների հետ հասել է մեզ, հիմա դա գրադարանի՞ միավոր է, թե՞ ֆոնդային միավոր։ Այսպիսի բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։ Սկզբնաղբյուրային գրադարանը ինչպե՞ս ենք բաժանում՝ դա ֆոնդայի՞ն միավոր է, թե՞ գրադրանի միավոր։ Սա էր պատճառը, որ ես չուզեցի արհեստական խնդիրներ ստեղծել։ Երբ նախարարը կրկնում է Հարություն Մարությանի խոսքերը, թե գրադարան ստեղծելով՝ հեշտացնում ենք հետազոտողների աշխատանքը, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում՝ ոչ պրոֆեսիոնալ մատուցման, հանրության մոլորեցնելու փորձով»,- ասաց նա։

Նախկին տնօրենը վստահեցնում է, որ թանգարան-ինստիտուտում առկա գրականությունը նախկինում էլ անհասանելի չի եղել․ «Գրքերը դրված են իրենց տեղում, եթե նույնիսկ առանձնանա գրադարանը, գրքերը մնալու են նույն տեղում։ Ցանկացած մեկը, որ գալիս էր գրականություն ուզելու, գիրքը, ցանկացած ֆոնդային միավոր հասանալի էր դառնում հաշված րոպեների ընթացքում։ Սա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու փորձ է»»,-գրել է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից