Հայաստան Քաղաքականություն 

Շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմում մասնագետներ չկան

analitik.am

 

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում Հայաստանի մի քանի մարզում իրականացվում են ուռենու շիվերի տնկման աշխատանքներ։ Բացի սոցիալական լուծում լինելուց, 15-րդ միջոցառումը բնապահպանական է։

Հանրության քննարկման առարկա են ուռենու շիվերի տնկման, ինչպես նաև տեղի ու վայրի, ժամանակի խնդիրները։ Շիվատնկմանը նաև մասնագիտական մոտեցում է պետք։ Այդ իսկ պատճառով Analitik.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ղեկավարում են բնապահպանությանը մոտ կամ բնապահպանության ուղղությամբ մասնագիտական կրթություն ստացած անձինք։ Պարզվում է, որ Շրջակա միջավայրի նախարարության, նախկինում՝ բնապահպանության նախարարության, ներկայիս ղեկավար կազմում բնապահպանական ոլորտին առնչվող մասնագետ չի ղեկավարում։ Նախարար Էրիկ Գրիգորյանի հեռանալուց հետո, Շրջակա միջավայրի նախարարությունը ժամանակավորապես ղեկավարում է նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը: Ի դեպ, խոսակցութուններ կան, որ հենց նա է նշանակվելու նախարար։

Վահե Ջիլավյանն ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետը։ Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը գիտությունների թեկնածու է, դոկտոր, ավարտել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Հայաստանում ավարտել է Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ուսանելուց երկու տարի անց փոխել է ոլորտը` ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

Նախարարի խորհրդականներ Նարինե Սոլոմոնյանի և Հարություն Մարտիկյանի, ինչպես նաև նախարարի օգնականներ Հայրապետ Հակոբյանի և Նատալի Սահակյանի մասին կենսագրական տվյալներ կայքում չկան: Անհասկանալի է, թե նրանք ինչ կապ ունեն բնապահպանության հետ։ Չի բացառվում, որ վարչական խորհուրդներ են տալիս, սակայն ոչ՝ բնապահպանական։

Հետաքրքիրն այն է, որ արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտություն բաժնում, հետագայում ևս ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտություն առարկան։

Շրջակա միջավայրի նախարարության միակ մասնագետ ղեկավարը նախկին նախարարն է, նա էլ հեռացել է։ Զարմանալի չէ, որ այս նախարարությունը դժվարությամբ է կարողանում մասնագիտական հարցերը հիմնավորել, քանի որ բացի այն, որ ղեկավար կազմում ոլորտից հեռու մարդիկ են՝ տնտեսագետ, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, նաև բուն մասնագետներից ազատվել են։

Մամուլում շրջանառվում էր, որ նաև մտադրություն կա ազատվելու նախարարության կուսակցական աշխատակցիներից։

Ի դեպ, Էրիկ Գրիգորյանը ժամանակին հակված էր նախարարությունում աշխատանք տրամադրել անգլերենի իմացությամբ աշխատակիցների:

Ստացվում է, որ շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմում անգլերեն գիտեն, սակայն բուն բնապահպանական մասնագիտացում, որն օդի ու ջրի պես էր անհրաժեշտ բնագավառին, չունեն։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից