Վերջին օրերին ինձ հետ առնչվող մարդկանց ընտանիքներում, իմ ընկերների, ծանոթների ընտանիքներում եղել են մահեր, վարակման մի շատ կոնկրետ օրինակ կարող եմ ասել, որը կարելի էր կանխել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մի երիտասարդ եկել է իր ընկերոջ տուն՝ իմանալով, որ նա առողջական խնդիրներ ունի ու հավանականություն կա, որ վարակված է: Եվ այդ ընտանիքում այսօր ունենք վարակակիրներ ու ունենք մահ: Սա այսօր մեր իրողությունն է: Բոլոր հնարավորություններն ունենք սեպտեմբերին դասերը սկսելու համար, սակայն դրա համար պետք է պահպանել կանոնները»,-ասաց նա:
Նախարարի խոսքերով, դպրոց վերադանալը մեծ ցանկություն է, քանի որ հեռավար կրթությունը, որքան էլ հաջող կազմակերպվի, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես՝ սոցիալականացման խնդիրը. «Աշակերտները որոշակի միջավայրում պետք է շփում, հմտություններ ձեռք բերեն և այլն»:
«Որոշ պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից դասերը շարունակել հեռավար մեթոդով: Դա նույնն է, որ ասեն՝ Ադրբեջանի հետ պատերազմ չկա, եկեք բանակ չպահենք, կամ բանակը չպատրաստենք հնարավոր պատերազմին:
Կորոնավիրուսի այս տարածումն ու արտակարգ դրությունն ըստ էության պատերազմ ու պատերազմական վիճակ է՝ առանց ճակատի: Մենք պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների, այդ թվում նաև՝ հեռավարի: Բայց մեր ցանկությունը մեծ է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից»: