«ՀԱՅՑ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի պարոն Ավինյան,
Համաձայն Ձեր կողմից 2020թ մայիսի 25-ին կայացրած, «Պարետի՝ 2020թ․ մայիսի 03-ի թիվ 63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վերտառությամբ թիվ 92-րդ որոշման, 1-ին կետի 1-ին ենթակետի՝
․․․․․․
1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։․․․․․»
Վերը նշված որոշման պրակտիկայում կիրառումը հանրության շրջանում առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ, բացի այդ այն որպես իրավական ակտ, որը կարգավորում է դրա մասնակիցների վարքագիծը և առաջացնում է նրանց համար իրավական հետևանքներ՝ վարչական տուգանքների տեսքով, կարիք ունի հստակեցման։
Այսպիսով, ըստ իս ամենախնդրահարույց հատվածը հետևյալն է․
«․․․իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր․․․»։
Հարգելի պարոն Ավինյան,
Սկսած մայիսի 26-ից մինչ հիմա, ողջ համացանցը հեղեղված է քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու տարատեսակ իրավիճակներով տեսանյութերով, որոնցից հստակ երևում է կամ ամենանվազը քաղաքացիները հայտարարում են, որ մեքենայի մեջ գտնվողները հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ։
Վերլուծելով որոշման պահանջը՝ ենթադրում եմ, որ այն նպատակ է հետապնդում, մեքենայի մեջ դիմակներ կրելով, նվազեցնել ուղևորների միջև վարակի փոխանցման հնարավորությունը։
Նման պահանջը արդարացված կարող է լինել միայն այն դեպքում, երբ ուղևորները տարբեր ընտանիքի անդամներ են, իսկ այն դեպքում, երբ ուղևորները նույն ընտանիքի անդամներ են, բնակվում են նույն տանը, ունեն նույն հաշվառման հասցեն և այլն, ի՞նչ իմաստ ունի իրենց նույն մեքենայի մեջ դիմակ կրելը, երբ ամբողջ օրը նրանք մի բնակարանում են անցկացնում, բնակվում։
Առաջարկում եմ որոշման մեջ հստակեցնել՝ « բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորները հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ կամ մեքենայի մեջ գտնվողները ունեն նույն հաշվառման հասցեն․․․, որոնք պահանջի դեպքում պարտավոր են ներկայացնել այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթ՝ անձնագիր, ծննդյան վկայական, բնակարանում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք և այլն»։
Մեզ, սկսած մայիսի 26-ից, արդեն բազմիցս դիմել են քաղաքացիներ՝ կիրառված վարչական տուգանքների վիճարկման համար, սակայն գտնում եմ, որ նկարագրված խնդիրը մի քանի վարչական ակտի բողոքարկմամբ լուծում չի ստանալու, ուստի պետք է փոփոխել և լրացնել նման վարչարարության հիմքը հանդիսացող Պարետի որոշումը։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև նպատակ ունենալով դադարեցնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ այդ հիմքով, ըստ էության, ոչ իրավաչափ վարչարարության կիրառումը՝
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ
2020թ մայիսի 25-ին կայացրած, «Պարետի՝ 2020թ․ մայիսի 03-ի թիվ 63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վերտառությամբ թիվ 92-րդ որոշման, 1-ին կետի 1-ին ենթակետում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հաշվի առնելով սույն միջնորդության մեջ նշված փաստական հանգամանքները և տեղ գտած վերլուծությունները»,-գրել է նա: