Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել Վրաստանի օգնությանը՝ հիշեցնելով, որ 2019-ին Երևանն օգնել է Թբիլիսիին

analitik.am

 

Օրեր առաջ Վրաստանից հայտարարել էին, որ Հայաստանի դիմելու դեպքում Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Վրացիներն անգամ պատրաստ են պացիենտներ ընդունել ու բուժօգնություն ցուցաբերել:

Այսօր՝ մայիսի 30-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Երևանը դիմի հարևանին, ասաց, որ Հայաստանը կորոնավիրուսի  առաջին դեպքերի արձանագրումից հետո սերտորեն համագործակցել է Վրաստանի կառավարության հետ. «Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում:

Վրաստանը եղբայրական երկիր է և նման պատրաստակամությունը ջերմացնում է մեզ: Եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, սակայն հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»:

Փաշինյանը նշեց, որ Վրաստանն ու Հայաստանը պետք է պատրաստակամ լինեն իրար օգնելու հարցում. «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք:

Համաճարակն ընդհանուր սպառնալիք է, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի, ինչպես նաև միջազգային մյուս գործընկերների հետ»:

 

Նույն շարքից