Բարի օր Իրավական Հասարակություն 

Արա Զոհրաբյանը պատասխանել է ԿԳՄՍ նախարարին․ տեսանյութ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեսաուղերձով անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնի՝ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական բաղադրիչի վերաբերյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերին։

Արա Զոհրաբյանի գրառումը՝ ստորև․

«Այս տեսաուղերձով կանդրադառնամ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությանը։

Կրթության ոլորտի պատասխանատուն ըստ էության հայտարարեց, որ՝
- չի լինելու սեռական դաստիարակություն․
- սեռական կրթության ստանդարտները եվրոպական երկրների համար են, ոչ, թե՝ մեր (խոսքը մամուլում ներկայացված ստանդարտների մասին է)։

Ինչու է կոնվենցիայի 6-րդ հոդվածը անհանգստացնում ծնողներին, հարցի պատասխանը շատ պարզ է, քանի որ այն վերաբերում է նաև տարրական կրթության շահառուներին, այսինքն 6 տարեկան և բարձր տարիքի երեխաներին։

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք օգտագործում են այսպիսի ձևակերպումներ՝ սեռական կրթության ծրագիր չի լինելու, սեռական կրթության առանձին առարկա չի լինելու, իսկ հիմա լրացվեց սեռական դաստիարակություն չի լինելու։
Կրթությունը ուսուցման և դաստիարակության գործընթաց է։ Հուսով եմ այստեղ էլ բառախաղ չկա, և դիտավորյալ չի դաստիարկությունն առանձնացվել ուսուցումից։

Հարգելիներս, ես և շատ ծնողներ գտնում ենք, որ կոնվենցիայով նախատեսված սեռական շահագործման և սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել երեխաներին առանց սեռական կրթության, այսինքն առանց 6 տարեկան երեխային բացատրելու, թե ինչ է սեռական ակտը կարելի է այնպիսի տեղեկություն տալ, որպեսզի երեխան չհայտնվի մանկապիղծի տեսադաշտում։

Եթե սրա մասին է խոսքը, ապա ստացվում է, որ մենք նույն բանն ենք ասում, ապա ինչու ենք բանավիճում։ Ինչու ենք տարբեր բարիկադներում։

Միգուցե նրա համար, որ Լանզարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցում նշված է մի տեքստ, որը լրիվ այլ իմաստ է հաղորդում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին? Միգուցե մենք կարծում ենք, որ ի վերջո սեռական կրթություն է պարտադրվելու տարրական կրթության ժամանակ, ոչ թե առանձին առարկայի կամ առանձին ծրագրի, այլ օրինակ որևէ առարկայի ներքո ներառված որոշակի տեղեկությունների միջոցով։

Ինչու է այսպիսի հարց առաջացել մեզ մոտ։ Ինչ է մենք, ծնողներս չենք հավատում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Կամ մենք վատատես ենք։

Հարգելիներս, մենք կարդում ենք Կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետի հետևյալ շարադրանքը, որի մեջբերումից խուսափում են ոլորտի ներկայացուցիչները՝
Ահա այդ տեքստի շարադրանքը՝ «սեռական շահագործման կամ սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնականոն սեռականության ընդհանուր համատեքստից դուրս կարող է վնասակար լինել երեխաների համար։ Հետևաբար, սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության համատեքստում»։ Պարզ գրված է, այդ տեղեկությունը պետք է տրամադրել սեռական կրթության համատեքստում, ոչ թե դրանից առանձին։ Իսկ թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է։

Այ սա է մեզ մտահոգում։

Հարգելի իշխանավորներ, եթե դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի տարրական կրթության ժամանակ սեռական կրթություն չտրամադրվի մեր երեխաներին, ապա մենք բարիկադի նույն կողմում ենք։

Հանրության հետ պետք է պարզ խոսել, առանց բառախաղերի և անցյալի հետ համեմատությունների»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից