Կորոնավիրուս Հասարակություն 

ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում

analitik.am

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

Երևանում այսօր՝ 31.05.2020թ, շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք  խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները:

Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:

Նույն շարքից