Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրենքը

 

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթին կողմ արտահայտվեց 83 պատգամավոր, դեմ՝ 16:

Նախաձեռնության հեղինակի խոսքերով, փոփոխության նպատակն օրենսդրական բացերի վերացումն է: Նշվել է, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով և 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է կատարել նաև այլ փոփոխություններ:

Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաև կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը հակասահմանադրական է, իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ առաջարկելով նույնն անել նաև ԲՀԿ-ին:

ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին 20 րոպե ընդմիջում խնդրեց:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից