Բարի օր Հասարակություն 

Առանց Լանզարոտեի կոնվենցիայի էլ երեխաներին կարող են բացատրել, թե ինչ պետք է անել, եթե անծանոթները փորձում են կապ հաստատել իրենց հետո. Փաստաբան

analitik.am

 

Պետք է առարկայական անդրադառնալ կոնվենցիային: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Լանզարոտեի կոնվենցիայի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին մեկնաբանությունների մասին. «Իմ կարծիքով, այդ մեկնաբանությունը շեղող հնարք էր, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ կոնվենցիան չի պարունակում անհանգստացնող դրույթներ, ասեմ, որ կոնվենցիայի բացատրական հատվածում շատ հստակ նշված է՝ երբ այդ տեղեկատվությունը տրվի աշակերտներին, դա պետք է նաև սեռական դաստիարակության տարրի հետ միաժամանակ լինի: Դա ենթադրում է, որ երեխային պետք է նաև սեռական բնույթի ինֆորմացիաներ տրամադրվի, ինչն էլ ցավոք սրտի, լավ չէ: Եթե տեսնենք եվրոպական փորձը, ապա դրանք շատ վատ ձևով են ընթանում»:

Փաստաբանի խոսքերով, այն կոնվենցիաները, որոնք պարտադրվում են, լավ նպատակներով չեն արվում, իսկ Լանզարոտեի կոնվենցիան պարտադրանք է. «Առանց կոնվեցիայի վավերացման, հնարավոր է իրագործել այն բոլոր նպատակները, որոնք հայտարարվել էր ԿԳՄՍ նախարարի կողմից: Առանց այդ կոնվենցիայի էլ երեխաներին դպրոցում կարող են բացատրել, թե ինչ պետք է անել, եթե անծանոթները փորձում են կապ հաստատել իրենց հետ:

Այս բացատրությունը բավարար է, որևէ կարիք չկա այս տարիքում մանրամասն տեղեկություններ հայտնել սեռական կյանքի և դաստիարակության վերաբերյալ»:

Սարգսյանի խոսքերով, նախարարի ասածն, ըստ էության, վատ չէ, այլ հարց է, թե որքանով է դա իրականում այդպես և որքանով է իրականություն լինելու. «Հարց է, թե որքանով են այդ խոսքերը պահպանվելու բառացիորեն, թե՞ սա ուղղակի հանգստացնող հնարք է, որից հետո, ինչպես բոլոր երկրներում, ամեն ինչ աստիճանաբար արվելու է այնպես, ինչպես պլանավորվել է: Իսկ եթե սա այդ աստիճանաբարի մասն է կազմում… Սա է խնդիրը: Միանշանակ պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ այդպիսի տենդեցներ, ինչը Եվրոպայում է, այստեղ չեն լինելու:

Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում արդեն դասապրոսեցների ընթացքում համասեռամոլ զույգեր են գալիս և երեխաների աչքի առջև ցույց են տալիս, թե ինչպես են շփվում միմյանց հետ: Այնտեղ էլ է ամեն ինչ աստիճանաբար եղել, հո միանգամից չեն արել: Երբ հասարակությունն աստիճանաբար սովորում է մի քայլի, արդեն «դոզան» ավելացնում են:

Ի սկզբանե պետք է ամեն ինչ հստակ լինի. այդ դոզաները չպետք է կարողանան ավելացնել: Սա է ամբողջ խնդիրը: Թե չէ փորձ է արվում ցույց տալ, որ ովքեր դեմ են կոնվենցիային, ուրեմն այլ շահեր ունեն:

Փաստաբանի խոսքերով, առանց որևէ կոնվենցիայի, ուղղակի ազգային ավանդույթներով, ճիշտ արժեքներով և ժամանակին համահունչ երեխաներին պետք է դպրոցում ծնողների հետ միասին ճիշտ դաստիարակություն տալ. «Ընդհանրապես պարտադիր չէ այս տարիքում սեռական բաղադրիչը ներառելը»:

Ինչ վերաբերվում է իշխող ուժի կողմից նախկին և ներկա իշախնությունների միջև համեմատություններին, փաստաբանն ասաց, որ իր համար դա մանիպուլյացիա է. «Այն, որ նախորդ իշխանությունները շատ լուրջ թերություններ ունեին, շատ վատ պրոցեսներ կային, որոնք ժողովրդին հաճելի չէին, դա արձանագրված փաստ է, բայց չի կարելի անընդհատ որևէ հարցի դրական կողմը ցույց տալու համար ասել, որ նախկինները հակառակն էին անում:

Սա ինձ համար միանշանակ մանիպուլյացիա է, որովհետև, երբ ասում ենք «ինչի նախկին իշխանությունները չէին վավերացնում, որովհետև իրենց կողքը նման անձինք կային», սա ինձ համար անհեթեթ մեկնաբանություն է:

Չեմ կարծում, թե հենց այդ նպատակով չէր վավերացվում կոնվենցիան: Ընդհակառակը, կարծում եմ, որ կային կամ կլինեին հասարակական դժգոհություններ, նրանք հասկացել են, որ խնդիր կառաջանա:

Հիմա ժողովրդական վստահության ֆոնի վրա անընդհատ փորձ է արվում այնպիսի նախագծեր առաջ տանելը, որոնք նախկինում նույն ներկա իշխանություններն ընդիմադիր կարգավիճակում հաստատ կքննադատեին:

Խնդիրն այն է, որ պետք չէ ամեն ինչ մեկնաբանելիս նման հղումներ անել, դրա փոխարեն պետք է հարցին անդրադառնալ պրոֆեսիոնալ և ներկայացնել հարցի ճիշտ կամ սխալ լինելը»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից