Գլխավոր Քաղաքականություն 

Հայտարարություն.«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը՝ կորոնավիրուսի քիչ թեստավորումներ անցկացնելու մասին

analitik.am
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել․

«Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին վարակակրի հաստատման օրվանից՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, արվել է 58 668 թեստավորում, որոնց 16,1 տոկոսը՝ 9492 , եղել է դրական արդյունքով ։

2020 թվականի մարտ ամսին անցկացվել է 3154 թեստավորում, որոնցից դրական արդյունքով են եղել 571-ը՝ 18,1 տոկոսը։ Ապրիլին անցկացվել է 18 905 թեստավորում, որոնցից 1577-ն է եղել դրական՝ 8,3 տոկոսը։ Մայիս ամսին անցկացվել է 36 491 թեստավորում, որոնց արդեն 20 տոկոսն՝ 7344-ն է դրական արդյունքով եղել։

Այս տվյալները ցույց են տալիս, որ մարտ ամսից սկսած կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իշխանության կողմից ձեռնարկված քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել, ինչպես նաև չեն ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բնույթ ։

Մարտի 16-ին Հայաստանում մտցված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպը ոչ միայն չի նվազել, այլ աճել է՝ մայիսի վերջին թեստավորվածների 20 տոկոսի մոտ դրական արդյունք է եղել՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 11,7 տոկոսով։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը գտնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի լայնորեն տարածումը Հայաստանում կանխելու կարևոր քայլերից մեկը վարակակիրների հնարավորինս շուտ հայտնաբերումն է, ինչի համար պետք է անցկացվեն անհամեմատ ավելի շատ թեստավորումներ, քան արվում է։

Մայիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում առկա է եղել 54 476 ՊՇՌ թեստ, ինչը նշանակում է, որ այժմ, եթե թեստերի նոր խմբաքանակ ձեռք չի բերվել պատկան մարմինների կողմից, ապա թեստավորումների փոքր թվաքանակը պայմանավորված է կորոնավիրուսի թեստերի սղությամբ։

Օրվա կտվածքով քիչ թեստավորումներ անցկացնելու մեկ այլ պատճառ կարող է լինել նաև իշխանության կողմից դեպքերի իրական թվաքանակը թաքցնելու միտումը՝ շատ թեստավորումներ անելու դեպքում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի ներկայացվող թվերից։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ իշխանության կողմից անպատասխանատու, մանիպուլացիոն գործողությունների արդյունքում առաջացել և շարունակում են առաջանալ ծանր հետևանքներ, հանրային առողջապահական ճգնաժամ, ինչի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Նույն շարքից