Հասարակություն 

Ջորջ Ֆլոյդը միասնության ջատագով էր. Փոխե՛ք բռնությունների մարտավարությունը․ հորդորել է նրա եղբայրը

analitik.am

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները 1968 թվականին Մարթին Լյութեր Քինգի սպանությունից ի վեր չէր տեսել համատարած բողոքի ցույցերի այնպիսի ալիք, ինչպիսին մի քանի օր առաջ սկսվեց սեւամորթ մեկ այլ ամերիկացու սպանությունից հետո:

Եթե 39 տարեկանում սպանված Մարթին Լյութեր Քինգը սեւամորթների իրավունքների հայտնի պաշտպան էր, ապա 46 տարեկանում մի քանի օր առաջ ոստիկանի ծնկի ճնշման տակ սպանված Ջորջ Ֆլոյդը հասարակ վարորդ էր: Հասարակ վարորդ էր, սակայն առկա մի մեծ խնդիր նորից վեր հանելու առիթ դարձավ:

Ինչպես մեծաթիվ փորձագետներ են ասում, այդ խնդիրը՝ ռասիզմը եկել է դարերից եւ շարունակում է երբեմն արտահայտվել նման դաժանությամբ:

Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են, որ ի սպառ վերջ դրվի այդ տարանջատմանը: Պահանջ, որը լինելով շատ արդարացի, բողոքի խաղաղ ցույցերի տեսքով արագ տարածում ստացավ ամբողջ ԱՄՆ-ի տարածքում:

Սակայն չունենալով կազմակերպված առաջնորդներ, բողոքի խաղաղ ցույցերը որոշ տեղերում վերածվեցին բռնությունների, ընթացան թալանին, հրկիզումներին ու ավերածություններին զուգընթաց:

Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարեց, որ ուժի մեջ կդնի բանակը, որպեսզի հաստատվի կարգ ու կանոն փողոցներում:

ԱՄՆ-ի խոշոր 75 քաղաքներում սկսված բախումների ընթացքում տասնյակ մարդիկ են ստացել մարմնական վնասվածքներ, երբ ոսիտիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ընդդեմ նրանց:

Չորս ոստիկաններ ստացել են հրազենային զենքից վնասվածքներ Միսիուրի նահանգի Սանթ Լուիս քաղաքում:

Տասնյակ քաղաքներում հաստատվել է պարետային ժամ: Երկուշաբթի օրը Նյու Յորքում ջարդել են հայտնի Մեյսիս խանութի ապակիները ու սկսել թալան խանութում:

Անհանգստությունների ընթացքում երկու մարդ է մահացել Չիկագոյում: Աշխատանքից հեռացվել է Քենթակի նահանգի Լուիսվիլ քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավարը, երբ նրա ուժերը կրակ են բացել հավաքված ժողովրդի ուղղությամբ՝ դառնալով մոտակա բիզնեսներից մեկի տիրոջ մահվան պատճառ: Երեքշաբթի օրը հրազենային կրակից Լաս Վեգասում զոհվել է մի ոստիկան:

Ոստիկանը, որի ծնկի տակ մահացավ Ջորջ Ֆլոյդը, հաջորդ շաբաթ կանգնելու է դատարանի առջեւ երրորդ աստիճանի սպանության մեղադրանքով:

«Բոլոր ամերիկացիներն են իրավացիորեն ցավում Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության համար, սակայն նրա հիշատակը չպետք է խեղդամահ արվի զայրույթի գիրկն ընկած ամբոխի կողմից»,-ասել է Թրամփը բանակային ուժեր տեղակայելու մտադրության մասին հայտարարելու ժամանակ:

Թրամփը կոչ է արել երկրի քաղաքապետարաններին ու նահանգային իշխանություններին տեղակայել Ազգային պահակազորի ջոկատներ: Այս ջոկատները պահեստային այն ուժերն են, որոնք իրավասու են տեղակայվելու այն դեպքերում, երբ առաջ է գալիս ներքին արտակարգ իրավիճակները շտկելու հարցում անկարողություն: ‘’Ու եթե քաղաքներն ու նահանգները չդիմեն գործողությունների, ապա ես կտեղակայեմ ԱՄՆ-ի բանակային ուժեր եւ արագ կլուծեմ խնդիրը’’, հայտարարել է Թրամփը:

Իրավասո՞ւ է արդյոք Թրամփը դիմել նման քայլի: Պատասխան. Այդ քայլին դիմելու համար նախագահը նախ պետք է ուժի մեջ դնի Ապստամբությունների մասին օրենքը, ինչը որոշ դեպքերում պահանջում է, որ այդ խնդրանքով նախագահին նախ եւ առաջ դիմեն նահանգապետերը: Այս օրենքը վերջին անգամ կիրառվել էր 1992 թվականին Լոս Անջելեսում ոստիկանների կողմից սեւամորթ Ռոդնի Քինգի սպանությունից հետո սկսված բախումների ժամանակ:

Նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընը դատապարտում է Թրամփին, ասելով, թե «Ամերիկայի նախագահը ամերիկյան ռազմական ուժ է կիրառում ընդդեմ Ամերիկայի ժողովրդի»:

Բայդընի այս խոսքերից հետո Թրամփը ոտքով անցել է փողոցը, եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ասել. «Մենք ունենք հզոր հայրենիք»: Նա մուտք չի գործել եկեղեցի, սակայն կանգնել է այնտեղ՝ Աստածաշունչը ձեռքին:

Ոմանք սա համարում են քարոզարշավի մի ձեւ, որի նպատակն իր աջակիցների թիվը մեծացնելն է:

Այս գործողության համար Թրամփին այսօր մեղադրում են կրոնական մեծաթիվ առաջնորդներ աշխարհի տարբեր հատվածներից, որոնք ասում են, թե Աստվածաշունչը քարոզարշավի պարագա չէ, կրոնը քաղաքական գործիք չէ:

Այս պահին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը: Կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումները նաեւ նպաստեցին, որ հավաքները լինեն այսքան մարդաշատ: Այս մարդաշատ հավաքներն էլ հավանաբար կնպաստեն, որ մեծանա կորոնավիրուսի տարածման արագությունը:

Իսկ Ջորջ Ֆլոյդի եղբայրը, Նյու Յորքից ժամանելով Մինեապոլիս քաղաքի այն հատվածը, որտեղ մահացել էր իր եղբայրը, ծնկի իջավ ծաղիկների առջեւ ու հանդես եկավ եղբոր հիշատակը առանց բռնությունների հարգելու կոչով:

«Սոցիալական փոփոխություն իրականացնելու նման մարտավարությունը կձախողվի»,-ասաց նա ու ավելացրեց․ «Իմ եղբայրը միասնության ջատագով էր»:

Ամերիկայի Ձայն

 

Նույն շարքից