Հասարակություն 

Կենդանաբանական այգու նախկին տնօրինությունը «սեփականաշնորհել» է «yerevanzoo.am» կայքը

 

Հունիսի 1-ին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Երևանի Կենդանաբանական այգին փակ է եղել այցելուների համար:

Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է այգու ֆեյսբուքյան էջում, սակայն պաշտոնական կայքէջում այդ մասին որևէ տեղեկություն չկար: Անգամ ֆեյսբուքյան էջում նշված աշխատանքային ժամերը չէին համընկնում էլեկտրոնային կայքէջում նշված աշխատանքային ժամերի հետ։

Analitik.am-ի հետ զրույցում Երևանի Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Աննա Վանյանը պարզաբանեց, որ նախկին աշխատակազմի հեռանալուց հետո կայքի հասանելիությունը չեն տրամադրել այգու նոր աշխատակազմին․ «Այս պահին կայքն օգտագործելու հնարավորություն չկա»,-ասաց նա։

«Yerevanzoo.am» կայքի ստորին հատվածում նշված է, որ այն նվիրաբերվել է Կենդանաբանական այգուն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Տվյալ հիմնադրամը պատկանում է Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։

Հարցին, թե արդյո՞ք փորձել են կապ հաստատել հիմնադրամի հետ, Վանյանը նշեց, որ այգում այդ նվիրատվության մասով որևէ փաստաթուղթ չկա, բազմաթիվ նամակներ են գրել հիմնադրամին, սակայն բոլորը մնացել են անպատասխան։ Նույն խնդիրն է նաև կայքում պաշտոնական էլ փոստերի մասով, դրանց ևս այգու ներկայիս աշխատակազմը հասանելիություն չունի։

«Մեր տրամադրության տակ է միայն ֆեյսբուքյան էջը։ Այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել, նորություններ, որոնք «Yerevanzoo.am» կայքում չեն տեղադրվել: Անհեթեթ վիճակ է ստեղծվել: Մենք չենք կարողանում կայքից օգտվել և թարմացնել այն: Չենք կարողանում պաշտոնական նամակներին պատասխանել, որոնք ուղարկվում են նույն դոմեյնով էլեկտրոնային հասցեներին։ Փորձում ենք հարցի լուծում գտնել, սական դեռևս ապարդյուն։ Այդ կայքը գործում է և տարածում է ապատեղեկատվություն»,- ասաց նա և հավելեց, որ այցելուներից պարբերաբար դժգոհություններ են ստանում կայքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այգու նախկին տնօրենը եղել է Ռուբեն Խաչատրյանը, ով նոյեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Ստացվում է Կենդանաբանական այգու շուրջ ստեղծված այս իրավիճակը պայմանավորված է Կենդանաբանական այգու նախկին տնօրենի և իր թիմի հեռանալու հանգամանքով։

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից