Հասարակություն 

Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի անունով մրցաշար կանվանակոչվի

2020թ. հունվարի 25-ին Ստամբուլում 90 տարեկան հասակում մահկանացուն կնքած Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի։

Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ հիշեցնելով, որ Զաքարյանի մահից հետո ինքն այս թեմայով գրավոր հարցադիմում էր հղել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլուին։

Փայլանը հետաքրքրվել էր թուրք նախարարից, թե արդյոք պատրաստվում է մի այնպիսի նախագիծ, որը կհանրահռչակի Զաքարյանի ներդրումը թուրքական սպորտում ու կապրեցնի նրա անունը։ Փայլանը հուշել էր նաև, որ Զաքարյանի անունով կարելի է կոչել որևէ մարզահամալիր։

Քասափօղլուն պատասխանել է Փայլանի հարցադիմումին՝ տեղեկացնելով, որ արդեն հստակեցվել է Զաքարյանի անունով մրցաշարի անվանակոչության հարցը, ինչպես նաև քննարկման փուլում է գտնվում որևէ սպորտային համալիր նրա նանունով կոչելու հարցը։

Հայ պատգամավորն ուրախալի է համարել Զաքարյանի անունով Թուրքիայում մրցաշար անվանակոչելը՝ հիշեցնելով սակայն, որ հայ անվանի մարզիկը կարիերայի ընթացքում երբեմն խտրականությունների է ենթարկվել (ազգային պատկանելության պատճառով-խմբ․)։

Փայլանը միաժամանակ նշել է, որ սպասում են, որ թեկուզ ուշացումով, բայց արժանին մատուցվի անվանի բռնցքամարտիկին, ում հաջողությունները կենդանության օրոք բավարար չափով չեն հանրահռչակվել։

Հիշեցնենք, որ 1930թ. ծնված Կարպիս Զաքարյանի բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի:

Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը 1966-ից սկսել է մարզչական գործունեություն ծավալել:

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից