Հասարակություն Տնտեսություն 

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

analitik.am

 

2020 թ.-ին «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կարող է օգտվել 600 քաղաքացի: Սա շուրջ 20 տոկոսով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ.-ի համար: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության մամուլի ծառայությունից։

«Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020 թ.-ին ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների և 2019 թ.-ից շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ:

Հատկանշական է, որ մարտ, ապրիլ ամիսներին՝ արտակարգ դրության պայմաններում, աշխատանքի վերադարձածների թվում մեծ է բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը:

Ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են  վերադառնալ  աշխատանքի:

Այսպիսով ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր. մի կողմից կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից բարելավվում ընտանիքի եկամուտները:

Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են ծրագրում ընդգրկվելու որոշակի առաջնահերթություններ:

Ծրագրում, առաջին հերթին, ընդգրկվում են այն անձինք, ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ երեք և ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցել նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը:

Նախատեսված առաջնահերթությունների հավասարության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձին:

Ծրագրի շրջանակներում երեխայի խնամքը, ծնողների ընտրությամբ, կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:

Դայակի ընտրությունը իրականացվում է ծրագրում ընդգրկված շահառուի կողմից: Միակ սահմանափակումն այն է, որ դայակը չպետք է հաշվառված լինի շահառուի բնակության վայրում:

Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով, ամսական կտրվածքով:

Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակում, երբ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունները ստիպված էին դադարեցնել  իրենց գործունեությունը, ծրագրի շահառու համարվող անձանց հնարավորություն է տրվել լուծել նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագիրը և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել դայակի հետ:

Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոններում շարունակվում է աշխատանքի վերադառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման գործընթացը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից