Կորոնավիրուս Հասարակություն 

Երիտասարդ կինը, ով ունի կորոնավիրուսի սիմպտոմներ, ուշագնաց է եղել կլինիկայում. Մինչ այս պահը նրան չեն թեստավորել, առողջական վիճակը վատ է

 

Այսօր Analitik.am-ի հետ կապ է հաստատել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչներից մեկի հարազատը և ահազանգել, որ վերջինս արդեն 10 օր է առողջական լուրջ խնդիրներ ունի:

Մոտ 10 օր առաջ նշյալ քաղաքացին բարձր ջերմություն է ունեցել, եղել է համի ու հոտի կորուստ, ուժեղ սրտխառնոց և փորլուծություն, այսինքն՝ այն սիմպտոմները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին:

4 օր տանը մնալուց հետո, նա զանգահարել է Շտապօգնություն, որտեղից կանչով տեղ հասած բուժաշխատողները ջեմաչափել են, բարձր ճնշման համար ներարկում արել: Ջերմությունն այդ պահին եղել է 37,3:

Նրան չեն հոսպիտալացրել, սակայն հորդորել են թեստավորվել:

Մոտ 3 օր անց բնակչուհու առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա գնացել է «ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» ԲԿ, որտեղ թոքերի ռենտգեն են արել: Թերապևտն ասել է, որ թոքերը մաքուր են, կարող է գնալ տուն ու պառկել, չնայած առկա սիմպտոմներին:

Տուն վերադառնալուց հետո ևս մի քանի անգամ Շտապօգնություն է զանգահարել, սակայն չի կարողացել կապ հաստատել:

Արդեն երեկ՝ հունիսի 3-ին, տիկնոջ ամուսինը վերջինիս տարել է վերոնշյալ ԲԿ թեստավորում անելու համար, կենտրոնից հորդորել են հաջորդ օրն (այսօր) առավոտյան ներկայանալ:

Այսօր ներկայանալուց հետո կենտրոնից ասել են, որ թեստերը դեռ չեն ստացել, երբ ստանան, կզանգահարեն:

Ի դեպ, թերապևտի սենյակի մուտքի մոտ տիկինն ուշագնաց է եղել, սակայն որևէ մեկն օգնություն չի ցուցաբերել: Քանի որ հեռախոսազանգ չի եղել, տիկնոջ ամուսինը զանգահարել է կենտրոն, որտեղից ասել են, որ թեստերը դեռ չեն ստացել՝ նշելով, թե նշված անուն ազգանունով պացիենտ իրենց մոտ չի գրանցվել:

Դրանից հետո տիկնոջ ամուսինը զանգահարել է ԱՆ թեժ գիծ, որտեղից պատասխանել են, որ պետք է գրանցվել ու սպասել հերթին:

Այս պահին տիկնոջ առողջական վիճակը վատ է: Նրա ամուսինը ահազանգում է, որ որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել անգամ Շտապօգնության հետ ու չգիտեն, թե ինչ պետք է անեն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից