Հասարակություն 

Շրջանավարտները պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ֆեյսբուքում տարածվել է 114 դպրոցի շրջանավարտների հայտարարությունը, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գրառմանը.

«Մայիսի 25-ին 114-ում նախատեսված էր ատեստատների հանձնում, որպեսզի կարողանայինք սահմանված ժամկետներում հայտագրվել։ Դպրոցում կար թվով 6 12-րդ դասարան և յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված էր առանձին ժամ։

Հասկանալով, որ մեր այդքան սպասված Վերջին զանգը չի կայանալու, ցանկացանք անակնկալ կերպով ասել մեր սրտի խոսքը՝ մեր սիրելի տնօրենին և փոխտնօրեններին, ովքեր, ելնելով իրավիճակից, չկազմակերպեցին մեզ համար այդքան սպասված տոնը և թույլ չտվեցին, որ մենք կազմակերպենք։ Մայրիկներին խնդրեցինք, որ մեր կողքին լինեն այդ կարևոր օրը։

Ցանկանում ենք հայտնել, որ յուրաքանչյուր աշակերտ ատեստատը ստանալուն պես դուրս է եկել սենյակից։ Մենք՝ աշակերտներս, դպրոց մտնելիս ջերմաչափվել ենք. ամեն ինչ եղել է հավուր պատշաճի՝ դպրոցը եղել է նախապես ախտահանված, չենք գտնվել սենյակում 7 րոպեից ավելի: Իսկ այն տեսանյութը, որը հրապարակվել է, տեսանկարահանվել է սենյակ մտնելիս։ Խնդրում ենք, որպեսզի ներողամիտ լինեք մեր հասուն կյանքի նախաշեմին կայացրած ինքնուրույն, ոչ այնքան ճիշտ որոշման համար, և չմեղադրել մեր տնօրենին՝ ընկեր Կոստանյանին, մե'ր իսկ ձեռնարկած և չստացված անակնկալի մեջ։

Հարգանքներով՝ 114 դպրոցի շրջանավարտներ»:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտները վերջին զանգ էին նշում։

Նույն շարքից