Հայաստան Քաղաքականություն 

ՔՊ-ական երիտասարդ պաշտոնյայի կյանքի որակը շեշտակիորեն լավացել է՝ է՛լ թանկարժեք ավտոմեքենա, է՛լ բնակարան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ սյունյաց իրավապահները հետաքրքրված են Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի համայնքապետերով, որոշ հեղափոխական պաշտոնյաների կյանքը սրընթաց բարգավաճում է․ նրանք հավակնում են մարզում «տեր ու տիրակալի» կարգավիճակին։

Խոսքը Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մասին է, ով «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է և մարզային գրասենյակների աշխատանքն է համակարգում։ Մամուլը գրել է, որ հեղափոխությունից հետո այս երիտասարդ պաշտոնյայի կյանքի որակը շեշտակիորեն լավացել է՝ է՛լ թանկարժեք ավտոմեքենա, է՛լ բնակարան Կապանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում։

Կապանյան աղբյուրները պատմում են, որ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ իրավապահների ուշադրությունը հրավիրել է հենց փոխմարզպետը, այն բանից հետո, երբ դիմել է քաղաքապետարան, որպեսզի նոր գնած տան համար բաց պատշգամբ կառուցելու շինթույլտվություն ստանա, իսկ քաղաքապետը մերժել է։

Խոցված պաշտոնյան որոշել է վրեժ լուծել՝ հարկային մարմինները մտել են Կապանի քաղաքապետի հորը պատկանող օբյեկտներ։ Գևորգ Փարսյանը հաստատեց շինթույլտվություն չտալու փաստը․ «Այո, իր հայրը մոտ երկու ամիս առաջ դիմել էր բաց պատշգամբ սարքելու հարցով, բայց մերժել ենք, որովհետև ես ընդհանրապես պատշգամբների կառուցում համայնքում թույլ չեմ տալիս։ Խնդիրն անձնավորված չէ, բոլորին է վերաբերում, որովհետև դա անմիջական կապ ունի շենքի սեյսմակայունության հետ, ինչպես նաև՝ ճարտարապետական տեսքի»։

Իսկ իր հոր օբյեկտներում ստուգումների մասին ասաց, թե դրանք կապ չունեն այդ մերժման հետ․ «Ստուգում եղել է, բայց հերթական ստուգումներն են եղել, պլանավորված, դրանք կապ չունեն այս ամենի հետ»։ Ինքը՝ Նարեկ Բաբայանը, մեր հարցին ի պատասխան ասաց․ «Շինթույլտվություններով համայնքն է զբաղվում․․․ դիմեք համայնքապետարան», իսկ ստուգումների մասին ասաց․ «Չեմ լսել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից