Տեսանյութեր Տնտեսություն 

Մենք լուծում ենք մի հարց՝ 20 տարի հետո ՀՀ-ն որպես պետություն գոյություն ունենալու է, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր բարեփոխումների ամենալավ շրջանն է, որովհետև մենք տնտեսական ու մյուս առումներով այլևս կորցնելու որևէ բան չունենք: Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականին մենք շատ զգույշ էինք, մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն ցույց տալու ու ունենալու վրա, բայց հիմա մենք կորցնելու բան չունենք: Ավելի ճիշտ՝ մեր այսօրվա օրը կորսված է, մենք պետք է մտածենք վաղվա մասին:

Այս առումով մեր պետականություն ունենալու կամքի առկայությունը պետք է դառնա այն բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որը կառավարությունն այսօր ձեռնարկում է:

Խոսքը մասնավորապես գույքահարկի համակարգի փոփոխության, համատարած եկամտահարկի փոփոխության, կանխիկի կրճատման փոփոխության մասին է»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ գույքահարկի հետ կապված կա շատ կարևոր փիլիսոփայական փոփոխություն․ «Հայաստանում կար կարգավորում, որ 3 միլիոն դրամից պակաս արժեք ունեցող գույքը չի հարկվում գույքահարկով:

Մենք առաջարկում ենք փոխել այդ համակարգը: Մենք ասում ենք, որ պետության ու քաղաքացու հարաբերությունները շատ կարևոր են այս առումով:

Այն քաղաքացին, ով 3 միլիոն դրամից պակաս արժեքով գույք ունի, միևնույնն է՝ պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը: Թող դրա համար նա վճարի տարին 100 դրամ, 200-300 դրամ: Այդ 300 դրամը, որից նրան 30 տարի ազատել ենք, որը քաղաքացին չի վճարել, իր կյանքում որևէ բան փոխե՞լ է, չի փոխել, բայց պետության կյանքում այդ 300 դրամը շատ բան է փոխում:

Պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտելու առումով շատ կարևոր բան է փոխվում: Ես շրջադարձային եմ համարում հարկային համակարգի փոփոխությունները հենց այս առումով»:

«Այս փոփոխությունների կոնտեքստում մենք չենք լուծում ուղղակի որքան հարկային եկամուտ հավաքել-չհավաքելու հարցը, մենք լուծում ենք մի հարց՝ արդյո՞ք 20 տարի հետ ՀՀ-ն գոյություն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն:

Իմ ասածը թող չափազանցություն չհնչի, բայց գույքահարկի, եկամուտների համատարած հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով մենք լուծում ենք քաղաքական ու փիլիսոփայական հարց, մենք լուծում ենք մի հարց՝ 20 տարի հետո ՀՀ-ն որպես պետություն գոյություն ունենալու է, թե՝ ոչ:

Տարեկան 300 դրամը, որը պետք է վճարի քաղաքացին, անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով, պետականության կառուցվածքի, պետականության ուժեղացման առումով:

Ես ուզում եմ, որ մեր բյուջետային քննարկումներում այս կոմպոնենտը մշտապես ներկա լինի»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից