Հասարակություն 

«Bella ciao» երգի պատճառով թուրք ընդդիմադիր գործիչը կարող է ազատազրկվել 1-3 տարով

 

Իզմիրի մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցված «Bella ciao» երգի տեսանյութով կիսված թուրք ընդդիմադիր գործչին ազատազրկում է սպառնում։

Իզմիրի գլխավոր դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետաքննություն է սկսվել մզկիթներում այդ երգի հնչեցումը կազմակերպած անձանց և այդ տեսագրությունը գովասանական մեկնաբանություններով սոցցանցերում տարածած անձանց դեմ։

Դատախազության թիրախում է հայտնվել նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Բանու Օզդեմիրը։ Վերջինս մայիսի 20-ին և 21-ին կիսվել էր մզկիթներում հնչած հայտնի երգի տեսաձայնագրությամբ և մեկնաբանություներ արել ինչի առթիվ մեղադրվել է «այդ արարքը դատապարտելու փոխարեն հանրության շրջանում հրապարակայնորեն թշնամանք ու ատելություն հրահրելու» մեջ։

Օզդեմիրի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 1-3 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Ընդդիմադիր գործիչը մայիսի 22-ին կալանավորվել էր, սակայն մայիսի 29-ին ազատ է արձակվել՝ մինչև դատական վճռի կայացումը։ Օզդեմիրի դեմ դատավարությունը կմեկնարկի 2020թ․ սեպտեմնբերի 17-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել էր իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։ Միջադեպի տեսաձայնագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում և մամուլում՝ բուռն քննարկումների տեղիք տալով։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից