Հասարակություն 

Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածել մզկիթի

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։

Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը 1934 թվականին էր Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել թանգարանի կարգավիճակ։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։

«Այա Սոֆիայում նամազ կարվի և դա միայն ու միայն մեր սուրբ ժողովրդի որոշելիքն է»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Այա Սոֆիայում կլինեն ղուրանյան ընթերցումներ և այն որպես մզկիթ իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ այնպես, ինչպես Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, Էրդողանը պատասխանել էր.

«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:

Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից