Կորոնավիրուս Հասարակություն 

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում:

Լայնածավալ ստուգայցերը շարունակական են, դրանք անցկացվում են երկրի բոլոր մարզերում, և, իհարկե, Երևանում:

ՍԱՏՄ տեսուչների՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, այնուամենայնիվ, լինում են։

Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է մոտ հինգ տասնյակ հանրային սննդի օբյեկտների աշխատանքը:

Իսկ մեկ ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. չկազմակերպել և չանցկացնել բազմամարդ խնջույք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ:

Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի  վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:

ՍԱՏՄ-ն միշտ փաստում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը:

Նաև տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից