Հասարակություն 

Հանրակրթական առարկայական չափորոշիչներում շեշտադրված են բնապահպանական գիտելիքները. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

analitik.am

Հանրակրթական առարկայական չափորոշիչներում շեշտադրված են բնապահպանական գիտելիքները. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հրավերով, մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի օրվան նվիրված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությանը, որն այս տարի նվիրված է կենսաբազմազանությանը:

«Փոփոխության գործակալներ․երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» խորագրով առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը` Տանյա Ռադոչայը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում նշել է, որ մոլորակում թևածող համավարակի մարտահրավերը առաջնային է դարձնում կլիմայի փոփոխության և բնապահպանական օրակարգի շուրջ ջանքերի համատեղման հրամայականը: «Ուրախությամբ կարող եմ ասել, որ ներկայումս մշակվող հանրակրթական առարկայական չափորոիշիչներում բնապահպանական գիտելիքները հատուկ շեշտադրում ունեն: Մենք կարևորություն ենք տալիս բնության երևույթների ճանաչման, բնության հետ ներդաշնակության, բնապահպանական կանոների պահպանման խնդիրներին: Միաժամանակ համոզված եմ, որ մոլորակի կենսաբազմազանության պահպանման հարցերը չեն կարող իրագործվել միայն ֆորմալ կրթության ճանապարհով: Շատ մեծ անելիք ունեն մարդիկ` մոլորակի բնակիչներն ընդհանրապես, քանի որ բոլորը շփվում և հարաբերվում են բնության հետ, հետևաբար, շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ձևավորվեն ի նպաստ կենսաբազմազանության»,- նշել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Քննարկումն անցկացվել է «պեչակուչա» ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում իրականացված բնապահպանական նախագծերը:

Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանող Լիդա Մինասյանը ներկայացրել է Էկոպայուսակ նախաձեռնությունը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտ Դավիթ Նավասարդյանը պատմել է սննդի մնացորդների տեսակավորման և վերամշակման մասին իր ուսումնասիրության մասին, Երևանի թիվ 97 դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանը ներկայացրել է դպրոցահեն բնապահպանության և կլիմայի փոփոխության կրթության իրենց փորձը: Իսկ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի դիտարկմամբ` համայնքային մանկապարտեզի լիարժեք գործունեությունը փոխկապակցված է կենսաբազմազանության խնդիրների հետ, և առաջարկել է նախակրթարանի լիարժեք ջեռուցումն ապահովել արևային կայանով:

Նշենք, որ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 5-ին, և նպատակ ունի բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հանրային իրազեկվածությունը:

Հանդիպման մասին ավելին հետևյալ հղումով՝ https://bit.ly/2BzQUGB

Նույն շարքից