Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Գյումրիի արտադրական երկու ձեռնարկություններում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել

analitik.am

Շիրակի մարզում կորոնավիրուսի նոր օջախներ են հայտնաբերվել: Այս մասին shantnews.am-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Խոսքը մասնավորապես արտադրական երկու ձեռնարկության մասին է, որտեղ հաստատված դեպքեր կան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները ուսումնասիրություններ են կատարում կոնտակտավորների շրջանակը պարզելու համար: Ընդհանուր առմամբ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

Գյումրիում իրականացվել է 946 նմուշառում: Առաջիկա օրերին թեստավորումների թիվը կավելանա։ Դա պայմանավորված է Գյումրիում հիվանդության նոր օջախների հայտնաբերմամբ:

«Նոր օջախներ ունենք: Գնահատել, թե դրանք ներթափանցման արդյունք են, թե մեր ունեցած օջախների ծավալների մեծացման արդյունք է, այլևս հնարավոր չէ: ՀՎԿԱԿ-ն այս փուլում ի վիճակի չէ բոլոր օջախների հետևից, բոլոր կոնտակտավորների հետևից ամբողջական պատկեր տեսնել: Մեզ համար մտահոգիչն այն է, որ մեր արտադրական ձեռնարկություններից երկուսում ունենք դեպքեր: ՀՎԿԱԿ-ի աշխատակիցները տեղում փորձում են հասկանալ և հնարավորինս կանխարգելել ծավալների մեծացումը: Տնտեսվարողների հետ եմ նաև զրուցել, որ իրենց միջոցառումները ևս նպաստեն օջախների լոկալիզացմանը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Արտադրական ձեռնարկությունների գործունեությունը դադարեցնելու հարցն առայժմ չի քննարկվել, քանի դեռ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը պարզում է ձեռնարկություններում հիվանդության տարածման ծավալները:

Նույն շարքից