Քաղաքականություն 

«Վերելակային դիվանագիտության» վնասները․ Բեքարյան

analitik.am

«Վերելակային դիվանագիտության» վնասները Միքայել Մինասյանը բավականին մեղմ է ներկայացնում: Ցավոք, ստեղծված մարտահրավերներն ավելի խորքային են ու բազմաշերտ.

1. Ալիևի մոտ կա տպավորություն, որ Փաշինյանը «պարտք» ունի վերադարձնելու, դրանից բխող ակնկալիքներով, պահվածքով և գործողություններով,

2. ՀՀ-ի և Արցախի համար ռիսկերը նախապես չհաշվարկած պայմանավորվածությունից Ալիևը մաքսիմալ օգտվել է և շարունակում է օգտվել՝ դիրքերի բարելավում և ամրապնդում սահմաններում, առանց որևէ էական հակադրության՝ սեփական օրակարգի և պրոպագանդայի առաջ մղում միջազգային ասպարեզում, «կառուցողական» կողմի իմիջի ձևավորում և զարգացում ՄԽ համանախագահների ընկալումներում, դրանից բխող՝ բանակցային տրամաբանությամբ և քննարկումների բովանդակությամբ:

Չկրակելու համաձայնության ներքո, Ալիևը անպատասխան «կրակել է» հնարավոր բոլոր այլ դաշտերում, հետևողականորեն 2 տարվա մեջ բարելավելով իր դիրքերը և շարունակելով ակնկալել ավելին:

Այս ողջ ընթացքում, մշտապես խոսել ենք այս մասին, բարձրաձայնելիքը՝ ասել, հուշել, խնդրել, որ հաշվի առնեն, մտածեն, ռիսկերը հաշվարկեն: Այն ինչ չէր կարելի բարձրաձայնել, մտածում էինք՝ կհասկանան, կքննարկեն... Հույս կար, որ անփորձության, անտեղյակության, անհարկի մեծամտության, հետաքրքրված չլինելու հետ գործ ունենք, ոչ թե՝ միտումի: Բայց բոլոր դրվող հարցերը մնացին ու շարունակում են մնալ անպատասխան, իսկ իշխանությունների պահվածքը՝ օր-օրի ավելի անպատասխանատու:

Պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ արտգործնախարարի հրաժարական կամ հեռացում պահանջեցի: Այս պահանջը տեստ էր նաև, հասկանալու՝ միտումի առկայությունն ու չափը… Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են բոլորիդ....

Նման իրավիճակում ելքը միակն է՝ վարչապետն ու իր թիմը ժամ առաջ պետք է հեռանան, նոր եկող իշխանությունն էլ՝ ջանքերի հնարավորից ավելիի լարումով, պետք է փորձի կագնեցնել առկա կործանարար իներցիան:

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր փորձում են այս կամ այն ձևով առաջ տանել «ձիերին հընթացս չեն փոխում» թեզը, վաղուց պետք է հասկացած լինեին, որ սխալվել են՝ «ձիերը - ձի չեն իրականում» և ունակ չեն ապահովել ձիերից ակնկալվող արդյունքը, իսկ ընթացքն էլ՝ բնական ընթացք չէ, այլ՝ առանց արգելակների, հուժկու գահավիժում: Եթե չեն հասկանում, ավելի ճիշտ՝ իբրև թե չեն հասկանում, ուրեմն խնդիր ունենք նրանց իրական մոտիվացիայի և նպատակների հետ:

Կարեն Բեքարյան

Նույն շարքից