Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով հիվանդն ահազանգում է. Եթե դուք իմ ընտանիքի անվտանգությունը չեք ապահովագրում, ես էլ շրջապատինը չեմ անի

analitik.am

 

Այսօր Analitik.am-ի հետ կապ է հաստատել կորոնավիրուսով վարակված Ծովինար անունով քաղաքացի, ով 14 օր է՝ գտնվում է Ոստիկանության հոսպիտալում: Նա մեզ հայտնեց, որ վաղը դուրս է գրվելու, քանի որ 14 օրը լրացել է՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կրկնակի թեստավորում չի արվել:

Քաղաքացին տանն ունի 2 մանկահասակ երեխա և դեռ վստահ չի, որ վարակակիր չէ. «Ինձ պարետատնից պարտադրում են, որ տուն վերադառնալուց հետո 14 օր ինքնամեկուսացման ռեժիմում գտնվեմ, իսկ դա նշանակում է, որ դեռ վարակակիր եմ:

Ստացվում է, որ շրջապատի մարդկանց համար ես վարակակիր եմ, իսկ տանը մեկուսանալու համար համապատասխան պայմաններ չունեմ: Ընտանիքիս անդամները 7-ն են: Մենք բնակվում ենք 3 սենյականոց բնակարանում: Չունեմ իմ առանձին անկյունը, որտեղ կարող եմ իսկապես մեկուսանալ:

Եթե համապատասխան պայման ունենայի, հաստատ դուրս կգրվեի և տանը կմեկուսանայի: Տուն գնալով կարող եմ վտանգել երեխաներիս և տան մյուս անդամների առողջությունը: Երաշխիք չկա, որ նրանց չեմ վարակի և նրանք էլ չեն անցնի այն ամենի միջով, ինչի միջով անցա ես»:

Մեր զրուցակիցը պնդում է, որ միայն կրկնակի թեստավորման և բացասական արդյունքի դեպքում հանգիստ կգնա տուն. «Հիվանդանոցում ասում են, որ Առողջապահության նախարարության կողմից ընդունված նոր օրենքի համաձայն, մայիսի 21-ից հետո հիվանդներն այլևս թեստավորում չեն անցնում, իսկ անցնելուց՝ միայն բժշկի ցուցման դեպքում:

Իմ իրավունքներն իմանալու համար զանգահարեցի նախարարություն ու խնդրեցի, որ ինձ ասեն, թե ինչ ցուցում պետք է լինի, որպեսզի բժիշկն ինձ թեստավորի, բայց ինձ հստակ որևէ բան չասացին: Այսինքն, թողնում են բժշկի հայեցողությանը, իսկ ես չգիտեմ, որ դեպքում նրանցից կրկնակի թեստավորում պահանջեմ»:

Մեր զրուցակցի խոսքերով, մինչ օրս ջերմում է, վստահ է, որ ինչ-որ խնդիր կա, որն էլ թույլ է տալիս մտածել, որ վիրուսը դեռ իր օրգանիզմում է. «Բժիշկն ասում է, թե նախարարության կողմից հրաման ունեն, որ որևէ հիվանդի թեստավորում չանեն, թեստավորում պետք է արվի միայն նախարարության ասելուց հետո:

Պարետատուն ևս զանգել եմ: Նրանք զանգից զանգ են փոխանցում, բայց գործը գլուխ չի բերվում: Ես ասում եմ, որ ինքնամեկուսացման թուղթը չեմ ստորագրելու և ինքնամեկուսացման ոչ մի պայման չեմ պահելու: Աջ ու ձախ, ուր ուզեմ գնալու եմ, ինչ ուզեմ անելու եմ: Եթե դուք իմ ընտանիքի անվտանգությունը չեք ապահովագրում, ես էլ շրջապատինը չեմ անի:

Ինձ Առողջապահության նախարարությունից ասում են՝ եթե 14 օր պահել են ու դուրս են գրում, նշանակում է այլևս վարակակիր չեմ: Լավ, որ այլևս վարակակիր չեմ, ինչո՞ւ պետք է 14 օր մեկուսանամ, հարցիս չեն կարողանում պատասխանել: Ասում են կարգն է այդպես»:

Տիկին Ծովինարը նշեց, որ մինչև վերջ գնալու է և չի ստորագրելու ոչ մի փաստաթղթի տակ. «Մինչև ինձ կրկնակի թեստավորում չանեն ու իմ թեստի պատասխանը բացասական չլինի, ես ոչ մի տեղ չեմ գնալու:

Բոլորից շատ ես եմ ուզում իմ երեխաների մոտ լինել: Բարձիթողի վիճակ է, ստացվում է, որ իրենք թքած ունեն:

Հիմա մեր ընտանիքից միայն ես եմ այստեղ և միայն ինձ պետք է բուժեն, իսկ եթե գնամ տուն ընտանիքիս վարակեմ, հարևաններիս վարակե՞մ, տեսնո՞ւմ եք ինչպես է մեծանում օղակը: Այսպես են անում, որ թիվը միանգամից լայնորեն աճում է: Իրենք չեն հետևում ու հենց դրան պետք է ուշադրություն դարձնեն: Ես իսկապես շատ վրդովված եմ»:

Մեր զրուցակցի խոսքերով, եթե իրեն թեստավորեն ու պատասխանը բացասական լինի, կստորագրի ինքնամեկուսացման թուղթը և կպահի ինքնամեկուսացման բոլոր կանոնները:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից